
Արտահերթ ընտրությունների վերաբերյալ խորհրդակցություն` դատախազությունում
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, ոստիկանապետ Վահե Ղազարյանի, Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանի, դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրինական ընթացքն ապահովելու, հնարավոր հանցավոր ընտրախախտումների կանխարգելման, դրանց դեմ իրավապահ մարմինների համատեղ քրեաիրավական պայքարի կազմակերպման խնդիրների շուրջ:
Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է ստեղծված իրավիճակում մեր երկրի համար կայանալիք ընտրությունների ճակատագրական նշանակությունը՝ հավելելով, որ իրավապահ մարմիններից յուրաքանչյուրի խնդիրն է իր լիազորություններն ամենաբարձր պատասխանատվությամբ իրականացնելու, օպերատիվ համագործակցության միջոցով օրինական, թափանցիկ, յուրաքանչյուր քաղաքացու կամքի ազատ դրսևորմամբ ընտրությունների անցկացման ապահովումը:
Գլխավոր դատախազը մատնանշել է այն հիմնական թիրախները, որոնց չեզոքացմանը, կամ որոնց շրջանակներում հնարավոր ընտրական հանցագործությունների բացահայտմանը, դրանք կատարող անձանց պատասխանատվության ենթարկելուն պետք է ուղղվեն իրավապահների համատեղ ջանքերը:
Կարևորվել է ընտրական խախտումների դեմ պայքարում պատասխանատու, բարեխիղճ, ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների հետ իրավապահ մարմինների աշխատանքը, և ստացված հանցավոր ընտրախախատումների վերաբերյալ տեղեկություններին, ահազանգերին իրավապահ համակագի արագ արձագանքելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումներին և ահազանգերին պատշաճ արձագանքելու, ստուգման առարկա դարձնելու, քրեադատավարական գործընթացներ նախաձեռնվելու դեպքում յուրաքանչյուր օղակի կողմից իր պարտականությունների կատարման անխափան ընթացքն ապահովելու կառուցակարգերը, աշխատանքային հնարավոր խնդիրները, դրանց կարգավորման եղանակները:
Գլխավոր դատախազի կողմից տրվել են իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցության երաշխավորմանն ուղղված կոնկրետ հանձնարարություններ:
Մեկնաբանել