
Ընտրակաշառք բաժանելու կասկածով 3 օպերատիվ գործ կա. Նիկոլ Փաշինյան
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին ընտրակաշառք բաժանելու կասկածով արդեն երեք օպերատիվ գործ կա, իրականացվում են օպերատիվ միջոցառումներ:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ:
«Խիստ կասկածում եմ, որ ՀՀ-ում լուր կա, որ գործող իշխանությունը կամ իշխող կուսակցությունը ընտրակաշառքների հետ կապված ինչ-որ բան է անում: Լուրեր տարածվում են ձեզ և մեզ հայտնի շրջանակների հետ կապված: Այդ լուրերի մասին տեղյակ են իրավապահ մարմինները: Բոլոր այն մարդիկ, ովքեր մտադիր են, հույս ունեն հին ավանդույթների տրամաբանությունը վերականգնել, ես անկեղծ ասած, խորհուրդ չեմ տա»,-ասաց Փաշինյանը: Վերջինս հիշեցրեց, որ ընտրակաշառք խոստանալը ևս Ընտրական օրենսգրքի փոփոխություններով համարվում է քրեական հանցագործություն:
«Ինձ զեկուցել են, որ արդեն կա 3 օպերատիվ գործ՝ մի քանի ուղղություններով, անձանց շրջանակը պարզված է, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում այդ հարցի վերաբերյալ, նրանց նկատմամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ, որոնց մասին նրանք բնականաբար չեն կռահում»,- ասաց նա: Վարչապետի պաշտոնակատարը կարևորեց, որ իշխանությունը և ընդդիմության մի մեծ հատված իրար չեն կասկածում՝ ընտրակաշառք բաժանելու մտադրություն ունենալու մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Մեկնաբանել