
ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել արագ ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է մայիսի 4-ին Ադրբեջանի կողմից ազատ արձակված երեք հայ ռազմագերիների լուրին։ Դրա վերաբերյալ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում։
«ԱՄՆ-ն ողջունում է ձերբակալված երեք հայերի ազատ արձակումը Ադրբեջանի կողմից։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին ամբողջությամբ և արագ ավարտին հասցնել բոլոր ձերբակալվածների, պահվող այլ անձանց և աճյունների փոխանակման գործընթացը, ինչպես նաև հետևել ձերբակալվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու՝ իրենց ստանձնած պարտավորություններին»,- գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվից Երևանի «Էրեբունի» օդանավակայան ժամանեց երեք հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը։ Մինչև օրս Ադրբեջանից վերադարձված ռազմագերիների և պահվող այլ անձանց ընդհանուր թիվը 72 է։
Լուսանկարը՝ AP Photo/Carolyn Kaster
Մեկնաբանել