HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Հայկ Հեքիմյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գագիկ  Պողոսյանի, այսօր բավարարել է Դատախազության դիմաց ապրիլի 22-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի առթիվ հարուցված գործով մեղադրյալ Հայկ Հեքիմյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ ապրիլի 22-ին բողոքի ակցիա են իրականացրել Դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված անձանց, և ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել դրա մասնակիցների և ոստիկանների միջև։

Քաղաքացիներից ոմանք ձվեր են նետել Դատախազության շենքի ուղղությամբ, ինչից հետո ոստիկանները սկսել են նրանց բերման ենթարկել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հայկ Հեքիմյանը ապրիլի 23-ի երեկոյան՝ ջահերով երթի մեկնարկին, բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով։ Պաշտպան Բենիկ Գալստյանը ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացրել, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը, քննելով բողոքը, այն բավարարել ու Հեքիմյանին ազատ է արձակել։ Ապա վարույթն իրականացնող մարմինը Հեքիմյանին մեղադրանք է առաջադրել ու նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։

Հայկ Հեքիմյանի մեղադրանքի որոշման մեջ նշվում է, որ վերջինս մասնակցել է բողոքի ակցիային, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ նետվել են ձվեր, շշեր, և Հայկ Հեքիմյանն, ի պատասխան ոստիկանության աշխատակից Կ․Ա․-ի կողմից հասարակական կարգը պահպանելու ուղղությամբ կատարված գործողությունների, մասնավորապես՝ ցույցը դադարեցնելու պահանջի, մի քանի անգամ ձեռքով հարվածել է ոստիկանի գլխին։ Մինչդեռ, Բենիկ Գալստյանի խոսքով, ցույցի տեսագրությունն ուսումնասիրելիս երևում է, որ Հայկ Հեքիմյանին հրմշտոցի ընթացքում, ամենայն հավանականությամբ՝ ոչ միտումնավոր, հետևի անձինք հրում են դեպի առաջ, և այդ ընթացքում Հայկը մոտենում է ենթադրյալ տուժող ոստիկան Կ․ Ա․-ին։ Երևում է, որ Կ․Ա․-ն ձեռքով մի քանի շարժում է անում, ու դիպչում Հայկի գլխին, քթին և մարմնի այլ  հատվածների։ Այսինքն՝ ըստ տեսանյութի, ոստիկանը հարվածում է քաղաքացուն, և վերջինս հարվածում է ոստիկանին։

Բենիկ Գալստյանը մեզ հետ զրույցում նշել է, որ իր տեղեկություններով՝ Հեքիմյանի կալանավորման միջնորդությունն ի սկզբանե մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, ապա իր համար անհայտ պատճառներով մակագրվել դատավոր Պողոսյանին։ Դատարանի աշխատակազմից, սակայն, պաշտպանին հայտնել են, որ ի սկզբանե գործը Պողոսյանին է մակագրված եղել, և, ամենայն հավանականությամբ Տաթևիկ Գրիգորյանին գործը մակագրելու վերաբերյալ տեղեկությունը թյուրիմացության հետևանք է։

Լուսանկարում՝ Բենիկ Գալստյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter