
Քննչական կոմիտեն պատրաստվում է վարձկանության հոդվածով մեղադրվող Սիրիայի քաղաքացիների գործով նախաքննության ավարտ հայտարարել
Քննչական կոմիտեն պատրաստվում է վարձկանության և ռազմական այլ հանցագործությունների հոդվածներով մեղադրվող, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի գործով նախաքննության ավարտ հայտարարել։
Վերջիններիս խափանման միջոց կալանավորումը մեկ ամսով երկարացնելու միջնորդությունները ներկայացվել են գործով մեղադրական եզրակացություն կազմելու, նախաքննության ավարտ հայտարարելու և պաշտպանական կողմին նյութերին ծանոթանալու ժամանակ տրամադրելու համար։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց մեղադրյալների պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։
Նշենք, որ մարտի 22-ի «Հետք»-ի հետ զրույցում Աղաջանյանը հայտնել է, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մեկ ամսով երկարացնելու վերաբերյալ։ Աղաջանյանի խոսքով՝ այս պահին դեռևս միջնորդության վերաբերյալ որոշում չի կայացվել։
Մյուս մեղադրյալի՝ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերիի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննվել է երեկ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում և բավարարվել։
Հիշեցնենք, որ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին մեղադրվում են վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու մեջ։ Պատերազմի առնչությամբ քննվող քրեական գործի շրջանակներում նրանք ցուցմունքներ են տվել ու հայտնել, որ ի թիվս այլ վարձկանների՝ իրենք նախ Սիրիա-Թուրքիա սահմանը հատելով՝ հայտնվել են Թուրքիայում։ Երկու մեղադրյալներն էլ հայտնել են, որ թուրքական Քիլիսի անցակետում իրենց չեն ստուգել, և սահմանն անցնելուց հետո իրենք ավտոբուսներով տեղափոխվել են քաղաքացիական օդանավակայան, թուրքական ինքնաթիռով այս օդանավակայանից տեղափոխվել են Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ օդանավակայան, որտեղ նստել են ադրբեջանական ինքնաթիռ և մեկնել Ադրբեջան:
Լուսանկարում՝ աջից՝ Յուսեֆ ալ-Հաջին
Մեկնաբանել