HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայանության հետ կապերի բաժինը։

«Բացարձակ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր տիկնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված Հադրութի շրջան: Օկուպացված տարածքներում գտնվելու ժամանակ նախագահ Ալիևն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող  եկեղեցիների և հուշարձանների  պատերից։

Նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ, քաղաքականության, ինչպես նաև հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են:
Արցախի Հանրապետությունը բազմիցս տեղեկացրել է միջազգային հանրությանն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ահաբեկչության, նրա ռազմական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ցեղասպանական ծավալապաշտական քաղաքականության կոպտագույն առաջմղման մասին:
Այդ ցեղասպան քաղաքականությունը հանցագործություն է մարդկության դեմ, միջազգային նորմերի, դաշնագրերի, բանաձևերի և համաձայնագրերի կոպիտ  խախտում և սպառնալիք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։
Կոչ ենք անում համապատասխան միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու դատապարտելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Անգործությունն ու անտարբերությունը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ», - նշված է հաղորդագրության մեջ :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter