ՀՖՖ-ն թաքցնում է ՔԿ գլխավոր քարտուղարի ընկերությանը փոխանցված գումարի չափի մասին տեղեկությունը
Հայաստանի ֆուտոբլի ֆեդերացիան (ՀՖՖ) «նպատակահարմար չի գտնում» հայտնել, թե որ որքան գումար է փոխանցել Քննչական կոմիտեի (ՔԿ) գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի ընկերությանը՝ Աբովյանի Քաղաքային մարզադաշտի հիմնանորոգման նախագիծը պատրաստելու համար։
2021 թվականի հունվարի 29-ին ՀՖՖ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ պատրաստ է Աբովյանի Քաղաքային մարզադաշտի հիմնանորոգման նախագիծը, և շուտով մեկնարկելու են շինարարական աշխատանքները։ Փետրվարի 2-ին գրավոր հարցում ուղարկեցինք ՀՖՖ՝ խնդրելով տեղեկացնել, թե որ ընկերությանն է վստահվել նախագիծը, և ինչ ընթացակարգով է ընտրվել, որքան գումար է հատկացվել այդ ընկերությանը։
Այս հարցմանը ՀՖՖ-ն պատասխանեց փետրվարի 9-ին՝ հայտնելով, որ նախագիծը պատրաստել է «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ն, սակայն թե ինչ ընթացակարգով է ընտրվել և որքան գումար է տրամադրվել նրան, չէր նշվել։ Միայն ասվում էր, որ մարզադաշտի հիմնանորոգման համար նախատեսվում է ծախսել մոտ 1 մլն եվրո:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներից պարզ դարձավ, որ այդ ընկերության հիմնադիրն ու միակ սեփականատերը Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանն է։
Փետրվարի 11-ին երկրորդ հարցումն ուղարկեցինք ՀՖՖ։ Հարցերը նույնն էին՝ որքան գումար է հատկացվել «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ին, և ինչ ընթացակարգով է այն ընտրվել։ Այս հարցումը ՀՖՖ-ն անպատասխան թողեց։ Նույն հարցումը ևս մեկ անգամ ուղարկեցինք փետրվարի 24-ին, այն ևս անպատասխան մնաց։ Մարտի 11-ին զանգահարեցինք ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանին։ Վերջինս նշեց, թե այդ գործընթացի վերաբերյալ հնարավոր բոլոր տեղեկությունները տրամադրել են, իսկ մնացած հարցերին «նպատակահարմար չեն գտել պատասխանել», և մեր հայցած տեղեկատվությունը «առևտրային գաղտնիք է»։ Այստեղ հարկ է նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանրային նշանակության կազմակերպություն է, ուստի պետք է հաշվետու և թափանցիկ լինի հանրության առաջ (ինչպես օրինակ՝ պետական գերատեսչություններն են հրապարակում իրենց գնումների պայմանագրերը), առավել ևս, որ կատարված գործարքի կողմերից մեկը բարձրաստիճան պետական պաշտոնյա է, որի ընկերությունը տարիներ շարունակ հաղթել է նաև պետական գնումների տասնյակ մրցույթներում, այդ թվում այն ժամանակ, երբ ՔԿ գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի եղբայրը՝ Վահե Նիկոյանը, զբաղեցնում էր Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը։
Այս հարցի առնչությամբ մարտի 15-ին նամակ հղեցինք նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին՝ նշելով, որ ՈՒԵՖԱ-ն՝ որպես եվրոպական ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները միավորող և ղեկավարող կազմակերպություն, պետք է նույնպես շահագրգռված լինի ազգային ֆեդերացիաների թափանցիկ աշխատելաոճով, բացի այդ ՀՖՖ բյուջեի զգալի հատվածը հենց ՈՒԵՖԱ-ն է տրամադրում։ Ուստի ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին խնդրել էինք հնարավորության դեպքում ՀՖՖ-ին պարտավորեցնել պատասխանել մեր հարցմանը։ Մարտի 16-ին ՈՒԵՖԱ-ի մեդիայի և հանրային կապերի դեպարտամենտից մեզ պատասխանեցին, որ այս հարցի առնչությամբ մեկնաբանություն չունեն, և մեզ ուղղորդեցին կրկին դիմել ՀՖՖ։
Այս ամենից հետո մեզ մնում է միայն ենթադրել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզապես թաքցնում է և անցանկալի է համարում Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին պատկանող ընկերությանը փոխանցված գումարի չափի և ընկերության ընտրության մասին տեղեկատվության հանրայնացումը՝ առանց որևէ լուրջ հիմնավորման։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել