HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Լեո Լեո. «Հայտնվել ենք մի տարածքում, որտեղ շատ պետք է խոսել հոգևոր արևներից»

Ամեն ինչ սկսվեց չարաճճիությունից: Մանկապարտեզում նկարչության հանձնարարությունները նա կատարում էր շատ արագ, բայց շուտով այդ պատկերները վերափոխվում էին. նա խառնում էր գույները և խաղում դրանց հետ: Դրա շնորհիվ շատերը մտածում էին, թե նկարել չգիտի: Սակայն գույների նկատմամբ ունեցած սերը տանում է նրան նկարչության դպրոց: Ու սկսվում է ապագա նկարչի՝ Լևոն Վարդանյանի՝ Լեո Լեոյի արվեստի ուղին:

Ինչպես Լեոն է ասում, սկզբում կա միայն մեծ սեր, այնուհետև աստիճանաբար ձևավորվում է աշխարհայացք, որը փոխում է վերաբերմունքն իրերի նկատմամբ: Սկսում ես փնտրել, ինչը դժվար է. անքուն գիշերներ, բազում ներկեր ու չստացված կտավներ, դժգոհություն սեփական անձից: Սակայն քանի կան սերն ու ներքին կրակը, նկարչությունը շարունակվում է:

Լեոյի կարծիքով՝ նկարչությունն ամենից շատ «զոհաբերություն պահանջող արվեստն է»: Միաժամանակ, նկարիչը ոչ թե զոհաբերում է իրեն, այլ առաջարկում իր եսը, նա անընդհատ մոտենում է իր իրական ես-ի ակունքներին: Այլ տարբերակ արվեստագետը չունի:

Նկարիչի աշխարհայացքն էլ ձևավորում է համապատասխան նկարչություն: «Հնարավոր չէ ունենալ մի աշխարհայացք և մեկ այլ նկարչություն: Չես կարող հակասել քեզ, առավել ևս, որ ընտրել ես արևելյան փիլիսոփայությունը», - ասում է նկարիչը:

Նա գերադասում է արևելյան փիլիսոփայությունը, որովհետև եթե Արևմուտքը գնաց գեղեցկության հետևից, ապա Արևելքը՝ անսահմանության:

«Արևելքում նույնիսկ միտքն է արարք: Այս առումով ես արևելքի մարդ եմ, որովհետև իմ նկարչությունը իմ փիլիսոփայությունն է: Իմ action painting-ը գործողության փիլիսոփայություն է, արձանագրվող, ապրվող փիլիսոփայություն է»,- ասում է Լեոն:

Իր փնտրտուքների արդյուքնում նկարչին հաջողվեց գտնել իր լեզուն՝ ցանցային կառուցվածքը, որը մոտ է իր փիլիսոփայությանը: Նա իր արվեստը բնորոշում է որպես հոգևոր ռեալիզմ, քանի որ իր նկարներում ռեալ իրավիճակներ ու զգացողություններ են:

Լեոյի կարծիքով՝ այժմ կյանքը շատ է կոպտացել, կենցաղը մղվել է առաջին պլան, իսկ հոգևոր տեսանկյունից արվեստը նրբացել է. արվեստի նյութը դարձել է հոգևոր:

«Երբեք արվեստում նյութն ու հոգին այսքան հակասության մեջ չեն եղել: Այսօր արվեստի խնդիրները շատ ներքին խնդիրներ են, իրական ես-ի տարածքները՝ շատ լայն», - նշում է նկարիչը:

Նրա խոսքերով՝ հիմա նկարիչը լուրջ խնդիրների է բախվում: Սակայն արվեստի նյութն ուրիշ տեղ չէ, այն արվեստագետի ներսում է՝ միշտ այժմեական, ժամանակից դուրս, անսահման և գեղեցիկ: Որքան արվեստագետն անկեղծ է, այնքան հզոր է: Արվեստագետը սառը նյութի, հիշողության կամ քարացած իրավիճակների արձանագրող չէ: Կարևորն ամենաներկան է. իսկական արվեստը ներկայի մեջ է:

Լեոյի բնորոշմամբ՝ այսօր արվեստագետը գրեթե հերոսին հավասար մարդ է: Նա դժվարանում է ասել՝ հիմա ինքն ակտուալ է, թե ոչ, աննկատ է, թե նկատվում է. դա ժամանակը ցույց կտա: Սակայն նկարչի կարևոր սկզբունքը, նրա խոսքերով, իր ես-ին չդավաճանելն է: «Ամենանորարարը քո տեսակն է: Եթե մոտենաս քո տեսակին, կլինես ամենանորարար մարդը»,- կարծում է նկարիչը:

Լեոն ասում է, որ իր ընտանիքում հակադրություն չկա, քանի որ կինն ու 10-ամյա տղան զգում ու հասկանում են իր արվեստը: Տղան ևս շատ լավ նկարում է, սակայն եթե իրենից կախված լիներ, ապա հայրը չէր ցանկանա, որ որդին ևս ընտրեր նկարչությունը. ճանապարհը փշոտ է, տառապանքը՝ շատ:

Այսօր, Լեոյի խոսքերով, արվեստագետը մեծ զրկանքների է կրում, քանի որ պահանջված չէ: Նա չգիտի՝ եթե երկրորդ հնարավորություն լիներ, արդյոք կընտրե՞ր նույն մասնագիտությունը, բայց համոզված է, որ չեն ընտրում, այլ ընտրվում են:

Լեոյի խոսքերով՝ մարդն, անկախ ամեն ինչից, ձգտում է երջանկության, ինչը շատ խորը զգացողություն, յուրահատուկ փիլիսոփայություն է, որին պետք է հասնել: Այժմ իր նկարներով միջոցով նրա հաղորդագրությունն է՝ երջանիկ եղեք: «Հայտնվել ենք մի տարածքում, որտեղ շատ պետք է խոսել հոգևոր արևներից»,- ասում է նկարիչը:

Ապրիլի 10-ին Բաղրամյան 24 հասցեում կբացվի Լեո Լեոյի անհատական ցուցահանդեսը՝ «Երջանկության մեդիտացիա» խորագրով, և կշարունակվի մինչև ապրիլի 19:

Մեկնաբանություններ (1)

AKNDET
Mi hat ASHOT-ASHOT uneyinq, hima el LEO-LEO unetsanq, hajordn ov e, VALOD-VALODE te GRISH-GRISHE????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter