Հայաստանի հավաքականը 2021 թ. առաջին վարկանիշային ցուցակում 99-րդն է
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման այս տարվա առաջին ցուցակը: Փոփոխությունները դեկտեմբերյան աղյուսակի համեմատ քիչ են: Հայաստանի ազգային ընտրանին 1233 վարկանիշային միավորով մնացել է 99-րդ հորիզոնականում:
Համաշխարհային դասակարգման առաջին 32 հորիզոնականներում փոփոխություն չի եղել: Վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան, Ուրուգվայը, Մեքսիկան, Իտալիան:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան, որը 24-րդն է, Ռուսաստանը 39-րդ տեղում է, Ուզբեկստանը 85-րդն է, Բելառուսը՝ 88-րդը, Վրաստանը՝ 89-րդը, իսկ Ղրղըզստանը՝ 96-րդը: Մյուս հավաքականները Հայաստանի ընտրանուց ավելի ցածր դիրքերում են:
Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլում մեր առաջիկա մրցակիցներից Գերմանիան 13-րդն է, Ռումինիան՝ 37-րդը, Իսլանդիան՝ 46-րդը, Հս. Մակեդոնիան զբաղեցնում է 65-րդ տեղը, իսկ Լիխտենշտայնը՝ 181-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ հենց վերջինիս հետ արտագնա խաղով էլ Հայաստանի հավաքականը կմեկնարկի ԱԱ-2022-ի ընտրական փուլում:
Մեր հարեւաններից ամենաբարձր դիրքում Իրանն է, որը 29-րդն է, Թուրքիան 32-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 89-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 108-րդ:
Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի ապրիլի 7-ին:
Լուսանկարը՝ ffa.am-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել