
Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար սահմանված պատիժները կխստացվեն
Գլխավոր դատախազությունն առաջարկում է խստացնել Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարելու համար սահմանված պատժատեսակները։ Օրենսգքրի այդ հոդվածը վերաբերում է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմանը։
Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Քրեական օրենսգքրի 291-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լեռնաարդյունահանող կազմակերպությունների կամ օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորգետնյա շինությունների նախագծման, տեղաբաշխման, շինարարության, շահագործման հանձնելու և շահագործման ընթացքում ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսներն ինքնակամ կառուցապատելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ էական վնաս են պատճառել` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Այս օրենքի նախագծով գլխավոր դատախազությունը 291-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու համար առաջարկում է որպես պատժատեսակ նախատեսել ազատազրկումը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելը նախատեսելով որպես լրացուցիչ պատժատեսակ։
Քրեական օրենսգքրի 291-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Այս մասով էլ դատախազությունն առաջարկում է խստացնել ազատազրկման ժամկետները՝ ներկայումս գործող առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն սահմանելով առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկում։
Ըստ գլխավոր դատախազության մշակած նախագծի՝ ընդունվելու դեպքում այն կապահովի քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքների հանրային վտանգավորության և դրանց համար սահմանված պատիժների միջև ողջամիտ հավասարակշռությունը և համաչափությունը:
Հավելենք, որ այս օրինագիծը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա քննարկման դրվի Ազգային ժողովում։
Լուսանկարում՝ Արմանիսի ոսկու հանքավայրը / © Սարո Բաղդասարյան
Մեկնաբանել