
ԿԳՄՍ-ն 2918 անվճար տեղ է նախատեսում 2021 թվականի ընդունելության համար
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուսումնական տարվա ընդունելության համար կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 տեղ, որից 88-ը՝ օտարերկրյա քաղաքացիների համար: Համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։
Նախագծում ասվում է, որ բուհերին հանձնարարվել է անվճար ուսուցման տեղերի հայտը ներկայացնելիս հաշվի առնել նաև բուհի կարիերայի կենտրոնի վերլուծությունը՝ աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ:
Նախորդ տարիների նման այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր են հատկացվելու «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար:
350 տեղ նախատեսվում է հատկացնել պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար:
Միջպետական համաձայնագրի շրջանակներում ինչպես և նախորդ տարի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացված տեղերից 5-ը նախատեսվում է Ղազախստանի քաղաքացիների ուսումնառության համար:
Հավելենք, որ որոշման նախագիծը դեռևս պետք է քննարկման դրվի կառավարության նիստում և միայն հավանության արժանանալուց հետո մտնի ուժի մեջ։
Մեկնաբանել