««Լիբեր» ՍՊԸ-ն չարամտորեն շարունակում է ապօրինի ծառահատումը»
Կոմիտասի 5 հասցեի շրջակա շենքերի բնակիչները դիմեցին դատարան
Կոմիտասի 5 հասցեում «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից (տնօրեն' Էդվարդ Քեշիշ Աբրամ) իրականացվող ապօրինի շինարարության կասեցման պահանջով շրջակա շենքերի բնակիչները կոլեկտիվ հայտով այսօր դիմեցին դատարան:
«Լիբեր» ՍՊԸ-ն Կոմիտասի 5 հասցեում 2011թ. մայիսի 13-ին սկսել է բազմաբնակարան բնակելի շենքի և էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի կառուցման աշխատանքները' առանց այն հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերի:
Դա տեղի է ունեցել' հակառակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի պաշտոնական նամակին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի' 15.10.10թ. ուղարկած թիվ 01/25.2/4120-10 պատասխանում նշված այն հավաստիացմանը, որ «Լիբեր» ՍՊԸ-ի «...ներկայացրած քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ համաձայնեցված նախագծով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքի և էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի կառուցման դեպքում կխախտվեն ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերը' հարևան շինություններից պահանջվող նորմատիվային հեռավորությունները (СНИП 2.07.01-89): Վերը նշվածի կապակցությամբ համապատասխան գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետին' 2010թ. հուլիսի 28-ին տրված թիվ 01/50-15303-396 շինարարության թույլատվության գործողությունը կասեցնելու վերաբերյալ' մինչև նախագծային լուծումները քաղաքաշինական նորմերին համապատասխանեցնելը»:
Ամեն դեպքում շինարարություն իրականացնող պատասխանատուները ոչ բնակիչներին և ոչ էլ դեպքի վայր ժամանած Երևանի Արաբկիրի բաժնի ոստիկաններին չկարողացան ներկայացնել որևէ փաստաթուղթ, որում երևար, որ Երևանի քաղաքապետը, ում տնօրինության տակ է գտնվում թիվ 3 քարշի ենթակայանը, կնիքով ու ստորագրությամբ հաստատած լիներ նոր ենթակայանի և նոր բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական նախագծերը:
Նման հաստատման հանգամանք չի երևում նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի ներկայացրած փաստաթղթերի ամբողջական փաթեթից, որը վերաբերում է խնդրո առարկա շինարարությանը:
Շինարարական աշխատանքները սկսվել են ապօրինի ծառահատումներով' առանց ծառահատում իրականացնելու որևէ թույլատվության, ինչի մասին վկայում է այն փաստը, որ բնակիչների ահազանգով դեպքի վայր ժամանած Երևանի ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին և բնակիչներին կառուցապատողները ծառահատման որևէ թույլատվություն չներկայացրին:
Փոխարենը ներկայացվեց 28.07.2010թ.-ի Երևանի քաղաքապետի տված N 01/50-15303-396 շինարարության թույլատվությունը, որի օրինականությունը վիճարկել են բնակիչները և հարցականի տակ է դրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, իսկ քաղաքաշինության նախարար Վարդանյանը վերը հիշատակված իր նամակում հաստատել է, որ այն տրվել է' ի խախտումն համաձայնեցված նախագծում առկա քաղաքաշինական նորմերի:
Բնակիչների տեսանկարահանած նյութում երևում է, թե ինչպես են ծանր տեխնիկայի միջոցով Կոմիտասի 5ա հասցեում գտնվող տրամվայ-տրոլեյբուսներին սպասարկող ենթակայանի տարածքում ծառահատումներ իրականացվում:
Իսկ նույն օրը' արդեն 1 ժամ անց, նկարահանած տեսանյութից երևում է, որ մինչ այդ ծառապատ տարածքը գրեթե ամբողջությամբ ծառազրկվել է:
Հիշեցնենք, որ այս նույն տարածքում ապօրինի ծառահատումներ իրականացնելու համար դեռ 2010թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար (3 հատ թեղի տեսակի ծառ հատելու համար) ՀՀ բնապահպանության նախարարությունը օրինախախտին տուգանել էր 130 հազար դրամով:
Այսպիսով, տարածքի կառուցապատող «Լիբեր» ՍՊԸ-ն չարամտորեն շարունակում է նույն տարածքում ապօրինի ծառահատումը: Եվ դա զարմանալի չէ, քանի որ դեռ Երևանի նախկին ճարտարապետ Ս.Դանիելյանի և նրա ենթակա մի շարք այլ պաշտոնյաների (Բ.Քոչարյան, Հ.Ասլանյան և ուրիշներ) 13.03.2006թ.-ին հաստատած գլխավոր հատակագծում և հողահատկացման հատակագծում և ոչ մի ծառի առկայությունը Կոմիտասի 5 հասցեում գտնվող տարածքում և նրա շուրջ չի արտացոլված:
Այսպիսով, ծառերն այսուհետև «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից Երևանի քաղաքապետարանին կեղծ փաստաթղթեր ներկայացվելու և քաղաքապետարանի կողմից դրանց ապօրինի հաստատվելու լուռ վկաներ են, որոնցից թե «Լիբեր» ՍՊԸ-ն և թե քաղաքապետարանի' առնվազն այս ապօրինությանը մեղսակից անձինք ուզում էին օր առաջ ազատվել:
Մինչդեռ ծառերի առկայության պարագայում այստեղ հնարավոր չէ իրականացնել ոչ այն ծրագրված նոր ենթակայանի և ոչ էլ, առավելևս, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում, քանի որ դրանով կոպտորեն խախտվում են կառուցապատմանը վերաբերող, գործող ՍՆԻՊ նորմատիվները:
Ի դեպ, այն մասին, որ այդ նորմատիվները խախտվում են, նշվում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալավերդյանի նամակին ի պատասխան գրված' ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդանյանի 15.10.10թ. վերը հիշատակված պաշտոնական նամակում (01/25.2/4120-10):
Մեր կողմից հավելենք, որ ավելի արհեստավարժ լինելու պարագայում քաղաքաշինության նախարարության փորձագետները կնկատեին, որ համաձայնեցված նախագծով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքի և էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի կառուցման դեպքում կխախտվեն ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերի պահանջները ոչ միայն հարևան շինություններից, այլև տարածքում գտնվող հաստաբուն ծառերից պահանջվող նորմատիվային հեռավորությունների մասով:
Սակայն փորձագետները, հավանաբար, բավարարվել են «Լիբեր» ՍՊԸ-ի ներկայացրած կեղծ փաստաթղթերն ուսումնասիրելով, որոնցում ոչ մի ծառ չի երևում, մինչդեռ անհրաժեշտ էր նաև տեղանքի տեղազննում իրականացնել:
Այս ամենին ավելացնենք նաև այն, որ ոչ բնակիչների, ոչ էլ ԱԺ պատգամավորի հարցումներին առ այն, թե ինչ հիմունքներով է Կոմիտասի 5 հասցեով շուրջ 1000 քառ. մետր տարածքն օտարվել «Լիբեր» ՍՊԸ-ին' առանց աճուրդի, պետական պատկան որևէ մարմնի որևէ պատասխանի այդպես էլ չեն արժանացել:
Այսպիսով, թեև բնակիչների դիմադրությունը, մամուլի, հասարակական կազմակերպությունների, այդ թվում' «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», «Էկոլոգիական հասարակական դաշինք» կազմակերպությունների, «Մենք ենք քաղաքի տերը» նախաձեռնության, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների միջամտությունը հանգեցրին նրան, որ դեպքի վայր ժամանած Արաբկիրի բաժնի ոստիկանները առժամանակ դադարեցրին շինարարությունը, ինչպեսև Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի' FaceBook սոցիալական ցանցում տեղադրված էջում քաղաքապետարանի աշխատակից Ա.Ադոնցը նույն օրը' մայիսի 13-ին, հավաստիացրեց հանրությանը, որ շինարարությունը կասեցված է, ամեն դեպքում հարակից 3 շենքի' Կոմիտասի 5ա, 3 և 7/1 շենքերի բնակիչները այսօր հայցադիմումով դիմեցին դատարան' այս կնճռոտ ապօրինությանը վերջնական լուծում տալու համար:
Բնակիչների շահերը դատարանում կներկայացնի հայտնի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Քաղաքացիական ազգային նախաձեռնություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել