
«Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման երկու տարբերակ է առաջարկվում
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման երկու տարբերակ է առաջարկում: Կոմբինատը շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտում ռեկուլտիվացման աշխատանքների ընդհանուր ժամկետ է նշում 2.4 տարին:
Ախթալայի հարստատուցուցիչ Ֆաբրիկայի պոչերը 1967 թվականից պահեստավորվել են «Նահատակ» պոչամբարում: 1988 թվականին պոչամբարի շահագործումը դադարեցվել է` ֆաբրիկայի ապամոնտաժման պատճառով: 2001թ. «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն մշակեց և իրականացրեց Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի վերագործարկման նախագիծը: 2001-2009թթ. ֆաբրիկայի պոչերը ժամանակավորապես պահեստավորվել են «ՊՆ» և «Նազիկ» փոքրածավալ պոչամբարներում, իսկ 2009թ.-իցիրականացվեց «Նահատակ» պոչամբարի վերականգնման նախագիծը, և այն վերագործարկվեց: Ներկայումս հարստացուցիչ ֆաբրիկայի պոչերը պահեստավորում են բացահանքի արդյունահանված տարածքում:
Նահատակ» պոչամբարը գտնվում է Ախթալա խոշորոցված համայնքում` Մեծ Այրում գյուղում, Դեբեդ գետի ձախակողմյան` Նահատակ վտակի կիրճում, ֆաբրիկայից 6.5 կմ հեռավորության վրա:
Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտում նշվում է, որ պոչամբարի ռեկուլտիվացիայի ենթակա մակերեսը՝ պատնեշի թեքություների մակերեսի հետ, շուրջ 18 հա է:
Աշխատանքներն արդյունավետ իրականացման համար պոչամբարի տարածքը նախատեսվում է բաժանել երեք մասի, իսկ ռեկուլտիվացման աշխատանքները կատարել երկու փուլով: Առաջին փուլում ռեկուլտիվացվելու է 11 հա տարածք` պատնեշի թեքությունների մակերեսը և լողափի չոր մակերեսը: Երկրորդ փուլում` մնացած 7 հա տարածքը` խոնավ և պարզեցման լճակի մակերեսները:
Պոչամբարի ռեկուլտիվացման համար, պատվիրատուի` ԼՀԿ-ի առաջարկությամբ, մշակվել է նախագծի 2 տարբերակ: Դրանք պայմանականորեն անվանել են Ա և Բ տարբերակներ: Երկու տարբերակում էլ առաջին փուլում նախատեսվում է ռեկուլտիվացնել պոչամբարի փաստացի չոր մակերևույթով շեպը և չորացած հորիզոնական հարթակը, իսկ երկրորդ փուլում` ներկայումս դեռևս չչորացած հարթակը և ամբարտակից ներքև պարզեցման լճակը:
Ա տարբերակը նախատեսում է պոչամբարի լեռնատեխնիկական ռեկուլտիվացիա և կենսաբանական: Հարթեցված մակերեսի վրա փռվում է 0.3-0.4 մմ հաստությամբ մեկուսացնող պոլիէթիլային թաղանթ` գեոմեմբրան: Այն կբացառի ինչպես մթնոլորտային տեղումների ներթափանցումը դեպի պոչեր, այնպես էլ պոչամբարի զանգվածից ջրերի ներթափանցումը ռեկուլտիվացված շերտ: Տեղումների ջրի ավելցուկը` առանց ներթափացման պոչերի, կհեռացվի պոչամբարի մակերեսից: Թաղանթի վրա նախատեսվում է փռել 30 սմ հաստությամբ ապարների շերտ (դրենաժային շերտ) և հարթացնել:
Քանի որ պատնեշի փեշերը թեքություն ունեն (15- 180 ) և 50-55 բարձրություն, գրունտի և հողի 50 սմ շերտը տեղումների ընթացքում կարող է քշել տանել գետը, այդ իսկ պատճառով այս տարածքում նախատեսվում է միայն կենսաբանական ռեկուլտիվացում հիդրոցանքի եղանակով:
Կենսաբանական ռեկուլտիվացման փուլում` 2 տեղամասում, նախատեսվում է դրենաժային շերտը ծածկել 20 սմ հողի բերրի շերտով և վրան տարածքին բնորոշ խոտաբույսերի ցանք իրականացնել:
Ռեկուլտիվացման 2-րդ փուլի աշխատանքները կսկսվեն պոչամբարի խոնավ մակերեսի և ջրի բնական չորացումից հետո: Պոչամբարի չորացումը ջրի հեռացման եղանակով կբերի Դեբեդ գետի ջրերի լրացուցիչ աղտոտմանը՝ արտադրական կեղտաջրերով: Այս փուլի աշխատանքները կարելի է սկսել միայն պոչամբարի խոնավ մակերեսի վերջնական չորացումից հետո, երբ հնարավոր կլինի այս տարածքում ծանր տեխնիկայի աշխատանքը: Դա, ըստ նախագծի հաշվարկի, կտևի շուրջ 1,5 տարի:
Բ տարբերակը` պոչամբարի լեռնատեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացիան է, որը նախատեսում է պոչամբարի հարթակների հարթեցում: Հարթեցման պրոցեսում հարթակներին տրվում է թեքություն դեպի ջրահեռացման առուն` մթնոլորտային տեղումների հեռացման համար, հարթակների հարթեցված մակերևույթների վրա փռվում է մեկուսացնող պոլիէթիլենային թաղանթ, որը կբացառի ինչպես մթնոլորտային տեղումների ներթափանցումը դեպի պոչանքներ, այնպես էլ պոչամբարի զանգվածում առկա ջրերի ներթափանցումը մեմբրանից վերև` ռեկուլտիվացված շերտ: Այնուհետև նախատեվում է ապարների փռում գեոմեմբրանի վրա 50 սմ հաստությամբ շերտով: Որպես փռվող հումք կարող են օգտագործվել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի Շամլուղի բացահանքի լցակույտի մակաբացման ապարները: Պատնեշի շեպի մակերեսի վրա ապարների շերտ չի փռվում: Ռեկուլտիվացիան իրականացվում է հիդրոցանքի եղանակով: Հիդրոցանքը կիրառվում է բոլոր տեսակի գրունտների համար, որտեղ անհրաժեշտ է ստեղծել բուսական շերտ և խուսափել էրոզիայից: Մթնոլորտային տեղումների հեռացման համար հարթակներին տրվում է թեքություն դեպի ջրահեռացման առուն:
Անվտանգությունից ելնելով` ռեկուլտիվացված պոչամբարի տարածքն առաջարկվում է արտաքին եզրագծով ցանկապատել 2 մ բարձրությամբ փշալարե ցանկապատով:
Ռեկուլտիվացման աշխատանքներին զուգահեռ կատարվելու է պոչատարի երկու գծերի ապամոնտաժումը:
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքների նախահաշվային արժեքը երկու տարբերակների համար տարբեր է. եթե իրականացվի Ա տարբերակը, այն կկազմի 739 մլն դրամի չափ, եթե հավանություն ստանա Բ տարբերակը, ապա նախահաշիվը կկազմի շուրջ 598 մլն դրամ: ԼՀԿ-ն առաջարկում է կիրառել հենց այս` Բ տարբերակը:
Ռեկուլտիվացման իրանականացման բոլոր ծախսերը կատարելու է Ախթալայի ԼՀԿ-ն: Աշխատանքները նախատեսվում է սկսել նախագծին դրական եզրակացության ստանալուց հետո:
Կարդացեք նաև`
Լուսանկարը` Լարիսա Փարեմուզյանի
Մեկնաբանել