
Ո՞ւմ հաշվին է գոյատևում մարզային հեռուստաընկերությունը
Մարզերում գործող հեռուստակայանների մեծ մասը գովազդով չի կարողանում գոյատևել: Երեկ հայ և թուրք լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կապանի «Սոսի» հեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանը:
Հայաստանի հարավային մարզում գովազդի մեկ րոպեն ամենաթանկը «Սոսի» հեռուսատաընկերությունում է, բայց, ըստ տնօրենի, նույնիսկ դրանով հնարավոր չէ ապահովել հեռուստակայանի գործունեությունը: Այդ պատճառով աշխատում են հիմնականում հովանավորության շնորհիվ: «Սոսի» հեռուստաընկերության հիմնական հովանավորը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն է:
«Հնարավոր է գոյատևել, եթե իրականացվի լուրի կամ լրատվական բլոկի վաճառք: Բայց մենք գտել ենք, որ ավելի լավ է հովանավոր գտնել, որը մեզ աջակցի, քան թե կապ ունենաս բոլորի հետ' հատ-հատ»,- կարծում է հեռուստաընկերության տնօրենը:
«Հետքի» հարցին, թե որքան աջակցություն է ստանում հեռուստաընկերությունը կոմիբինատից, տնօրենը ներկայացրեց անցյալ տարվա ֆինանսական հոսքերի տվյալները. «Սոսի» հեռուստաընկերությունը կոմբինատից ամսական ստացել է 2,5 մլն դրամ, իսկ հեռուստաընկերության ողջ ամսվա բյուջեն 3,2-3,5 մլն դրամ է կազմել:
Թուրք լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք կոմբինատի տերերն ազդում են հեռուստաընկերության քաղաքականության վրա և ունեն կապեր իշխանությունների հետ: «Մենք համագործակցում ենք գործարանի տնօրինության հետ, թե գործարանի տերերն ովքեր են, մեզ չի հետաքրքրում»,- ասաց Վահե Սարգսյանը: Այունուամենայնիվ, ըստ տնօրենի, գործարանի սեփականատերը գերմանական «Քրոնիմետ» կազմակերպությունն է, ինչը ամենևին չի խանգարում կայանի գործունեությանը: Կայանը հիմնականում լրատվական ուղղվածություն ունի, չնայած կան նաև այլ ծրագրեր' թոք-շոուներ ուղիղ հեռախոսակապով և այլն:
Որպես մարզային հեռուստաընկերություն' «Սոսիի» խնդիրը կադրերն են: Կադրեր ընդունում են, վերապատրաստում, սակայն արդյունքում երբեմն լրագրողներ դառնում են, երբեմն' չի ստացվում: Թվայնացման գործընթացքը «Սոսիում» ևս ընթացքի մեջ է:
Անդրադառնալով գրաքննության կամ ինքնագրաքննության խնդրին' Վահե Սարգսյանը վստահեցրեց, որ գրաքննության չեն առնչվել, հեռուստակայանի փակման խնդիր նույնպես չի եղել: «Հնարավոր է վարվել խելացիորեն, որպեսզի չհասնել դրան: Եթե ես գիտեմ, որ այսօր պիտի ինչ-որ խոսք ասեմ, որ վաղը փակեն իմ կայանը, ես այդ խոսքը չեմ ասի,- ասում է տնօրենը,- որովհետև դրանով ոչ մեկին օգուտ չեմ տա, այլ վնաս կտամ և ամբողջ կայանին, և լսարանին»:
«Կան քաղաքական թեմաներ, որոնց վրա տաբու է դրված» լրագրողների հարցին` տնօրենը պատասխանեց, որ չկան, չկա նաև ճնշվածություն: «Հետքի» հարցին, թե երբևէ անդրադարձել են Սյունիքի մարզպետի ունեցվածքին, Վահե Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, դրանից ավելի կարևոր թեմաներ ունենք»: Ավելին, ըստ տնօրենի, դա մարզպետի անձնական կյանքն է ու նրա ունեցվածքը:
«Ինչպե՞ս են լուսաբանում բնապահպանական խնդիրները, եթե հեռուստաընկերության հիմնական գովազդատուն կոմբինատն է» հարցին' տնօրեն Վահե Սարգսյանը պատասխանեց, որ իրենց դա չի կաշկանդում, և Քաջարանի կոմբինատը մարզի երեք կոմիբինատներից միակն է, որ վճարել է բնապահպանական հարկերը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել