
Առաջարկվում է սոցփաթեթում ներառել մարզասրահներից օգտվելու համար սահմանված վճարը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է ընդլայնել սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը։ Համապատասխան նախաձեռնությունը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ առաջարկելով փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։
Ներկայում գործող օրենսդրության համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող սոցիալական փաթեթը ներառում է հանգստի ապահովում` Հայաստանում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար, սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում։
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է սոցփաթեթի ծառայություններում ներառել նաև այնպիսի ուղղություն, որով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզաառողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը՝ այդպիսով, ըստ նախարարության, նպաստելով շահառուների առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը։
Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացման, պետական հատվածից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատման նպատակով։
Հավելենք նաև, որ այս նախագիծը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ուղարկվի Ազգային ժողով։
Լուսանկարը՝ Pixabay-ից
Մեկնաբանել