
ԱԻՆ-ն առաջարկում է իր կազմում Սեյսմիկ պաշտպանության գրասենյակ ստեղծել
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն (ԱԻՆ) առաջարկում է իր կազմում ստեղծել Սեյսմիկ պաշտպանության գրասենյակ, որը հիմնականում կկատարի 2020թ․ հունիսի 18-ին կառավարության որոշմամբ լուծարված «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթները և կփոխարինի նախարարության համապատասխան վարչությանը։
«Սեյսմիկ ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։
Գրասենյակի ստեղծումը, ըստ ԱԻՆ-ի, թույլ կտա սեյսմիկ պաշտպանության բնագավառում ավելի ընդլայնված գործունեություն ծավալել: Օրենքով սահմանված իրավասությունների և գործառույթների շրջանակը կպահպանվի, բացի այդ, մինչև նախարարության կառուցվածքային փոփոխությունները «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը իր կազմում ուներ դիտակայաններ, դիտակետեր և այլ կառույցներ, գրասենյակի ստեղծման դեպքում դրանք ևս կպահպանվեն, քանի որ գրասենյակն իր կազմում ունենալու է մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումներ:
«Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և մեծ են երկրաշարժների առաջացման վտանգները, ուստի սեյսմիկ վտանգների արագ արձագանքման և օպերատիվ կառավարման տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառի լիազոր պետական մարմնի գործառույթների շրջանակը ընդլայնվի, միաժամանակ համակարգելու սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները»,- ասվում է ներկայացված նախագծում։
ԱԻՆ-ի համոզմամբ՝ գրասենյակն իր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով ավելի օպերատիվ և արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորություն կունենա, ուստի անհրաժեշտ է լիազոր մարմնի կազմում վարչության փոխարեն ստեղծել գրասենյակ:
Լուսանկարը՝ ԱԻՆ-ի
Մեկնաբանել