
«Հավերժության արահետը». հարգանքի տուրք՝ պատերազմում զոհված էջմիածնեցիներին
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմից հետո Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում ևս մեկ անկյուն է ավելացել՝ ի հիշատակ զոհերի: Արցախի առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող տանող ճանապարհի երկու կողմերում տեղադրվել են եռագույն հուշատախտակներ, որոնց վրա գրված են 44-օրյա պատերազմում զոհված էջմիածնեցի զինծառայողների, կամավորականների ու պահեստազորայինների անունները:
«Հավերժության արահետ» անունը ստացած հուշատախտակները 34-ն են, որոնցից 33-ի վրա գրված են անուն, ազգանուններ, իսկ մեկի վրա՝ «Անհետ կորած զինվոր»: Էջմիածի քաղաքապետարանի լրատվության ծառայության ղեկավար Մարիամ Պողոսյանը «Հետք»-ին ասաց, որ 33 անունները հայտնի են եղել հունվարի 4-ի դրությամբ: Եթե այս պատերազմում զոհվածների թիվն ավելանա, ապա համապատասխան թվով անվանական հուշատախտակներ կդրվեն:
Ամեն օր թարմ ծաղիկներ են դրվում հուշատախտակների մոտ։ Այսօր՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, այցելուների թիվը մեծ էր: Դպրոցահասակ երեխաներ ու երիտասարդներ էին գալիս, շրջում տարածքում ու լուռ հեռանում:
Նոր հուշապուրակի նախաձեռնությունը Էջմիածնի քաղաքապետարանինն է: Բացումը եղել է 2020-ի դեկտեմբերի 31-ին:
Մեկնաբանել