
ՌԴ ԱԳՆ․ «Հայաստանի և Ադրբեջանի հետ նախապատրաստվում ենք աշխատանքային խմբի առաջին նիստի անցկացմանը»
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի նիստը, որի ժամանակ կքննարկվեն տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլորի ուղիների ապաշրջափակման հարցերը, կարող է տեղի ունենալ մոտակա ժամանակներին։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Միջգերատեսչական ֆորմատով հայկական և ադրբեջանական կողմերի հետ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում մոտակա ժամանակներին առաջին նիստը անցկացնելու համար»,- նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ինչպես նշում է ՌԴ արտգործնախարարությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում անաչառ և պատասխանատու փոխգործակցությունը եղել և մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը Անդրկովկասում։
«Հրատապ խնդիր է ապահովել տարածաշրջանի երկրների անցումը առճակատումից հաշտեցում բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու, ազգամիջյան և միջկրոնական խաղաղություն և վստահություն հաստատելու, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ամուր պայմաններ ձևավորելու նպատակով»,- նշել է ՌԴ արտգործնախարարությունը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո ստորագրվեց համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսկան կապերի ապաշրջափակման հարցերը կազմակերպելու համար ձևավորվում է աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։ Աշխատանքային խումբը մինչև 2021 թվականի հունվարի 30-ը պետք է առաջին հանդիպումն անցկացնի, որի արդյունքների հիման վրա կկազմի աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը։
Հայտարարության 4-րդ կետում ասվում է, որ աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Հայաստանի և Ադրբեջանի տարածքները:
Լուսանկարը՝ РИА Новости / Михаил Климентьев
Մեկնաբանել