
Առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը դարձնել աշխատանքային օրեր
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքում, որով նախատեսում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր դարձնել։
Էկոնոմիկայի նախարարությունը նաև փորձել է գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը։ Նախարարությունը տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները։
Էկոնոմիկայի նախարարության նախնական գնահատականներով՝ վերը նշված օրերը աշխատանքային դարձնելու արդյունքում տնտեսությունն այսպիսի ցուցանիշներ կգրանցի․
- համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88,6 մլրդ դրամով,
- համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից
- առևտրրի թողարկումը կավելանա 47,5 մլրդ դրամով,
- արդյունաբերության թողարկումը կավելանա 35,4 մլրդ դրամով,
- ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33,9 մլրդ դրամով,
- գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3,5 և 2,9 մլրդ դրամով։
Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում, ըստ էկոնոմիկայի նախարարության, դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային սահմանելու դեպքում կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը։
Հավելենք, որ այս նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Այն դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ուղարկվի Ազգային ժողով։
Լուսանկարը՝ արխիվային / © Անի Սարգսյան / «Հետք»
Մեկնաբանել