
«Արարատ-Արմենիան» հայտնվել է 2020 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում
Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին երկու տարիների չեմպիոն «Արարատ-Արմենիան» 2020 թվականի արդյունքներով հայտնվել է Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ զբաղեցնելով 923-րդ հորիզոնականը։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի՝ հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկից, որը հրապարակվել է այսօր՝ հունվարի 20-ին։ Սա առաջին դեպքն է, երբ հայկական ֆուտբոլային ակումբը տարեկան կտրվածքով հայտնվում է 1000 խոշոր հարկատուների ցանկում։
2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբ» բաց բաժնետիրական ընկերությունը պետական բյուջե է վճարել ընդհանուր 172 միլիոն 683 հազար դրամի հարկեր։
«Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբ» ԲԲԸ-ի միակ սեփականատերը «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունն է, որն էլ իր հերթին պատկանում է ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր, գործարար Սամվել Կարապետյանին։
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում «Արարատ-Արմենիան» իր նորամուտը նշել է 2018-2019 մրցաշրջանում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն։ 2019-2020 մրցաշրջանում թիմը պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը։ Երկու տարի անընդմեջ Հայաստանի չեմպիոնը գրանցել է նաև հայկական ակումբային ֆուտբոլի պատմության լավագույն ցուցանիշը՝ եվրագավաթային մրցաշարերում հասնելով Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլ։
Ինչպես և նախորդ տարիներին, 2020 թվականին ևս 1000 խոշոր հարկատուների ցանկում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ)։ Նախորդ տարում վճարած 638 մլն 177 հազար դրամի հարկերով ՀՖՖ-ն 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 280-րդ հորիզոնականը։
2019 թվականի համեմատ ֆուտբոլի ֆեդերացիան մի փոքր զիջել է դիրքերը։ 2019-ի տարեկան տվյալներով ՀՖՖ-ն զբաղեցրել էր 271-րդ տեղը, իսկ նրա վճարած հարկերը կազմել էին 681 մլն 433 հազար դրամ, այսինքն՝ 2020 թվականին նվազումը կազմել է 6,3%։
Լուսանկարը՝ «Արարատ-Արմենիայի» ՖԲ էջից
Մեկնաբանել