Այսօր Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրն է
Վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է աուտիզմ ունեցող մարդկանց թվի որոշակի աճ: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կազմում գործող մանկական հոգեբուժական դիսպանսերի տվյալների համաձայն՝ 2007-2010թթ. հայտնաբերվել և ախտորոշվել է աուտիզմի 454 առաջնակի ախտորոշված դեպք (համապատասխանաբար՝ 73, 78, 80, 105, 118):
Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների բուժումն ու վերականգնումն իրականացվում են պետպատվերի շրջանակներում մի շարք բժշկական հաստատությունների և իրենց մարզային մասնաճյուղերի միջոցով, ինչն աուտիզմ ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս ստանալու մասնագիտացված վերականգնողական բուժում տեղում՝ չհասնելով մայրաքաղաք:
Աուտիզմի հիմնախնդիրը ներառված է նաև ՀՀ կառավարության հաստատած, Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման 2010-2015թթ. ռազմավարության մեջ: Սակայն աուտիզմը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական-տնտեսական խնդիր է, և դրա հաղթահարումը կարող է իրականացվել միայն միջգերատեսչական համագործակցության և հասարակության լայն շրջանակների համատեղ ջանքերի շնորհիվ:
Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի կրթության, առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների մասնագետների ներգրավմամբ: Խումբը մշակել է «Աուտիզմով անձանց աջակցության» միջգերատեսչական ծրագրի նախագիծ:
Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որն ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին 3 տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Այն ախտահարում է հիմանականում երեխաներին՝ անկախ սեռից, ազգությունից, սոցիալական կարգավիճակից:
Աուտիզմի ծագումնաբանությունը դեռևս հայտնի չէ, սակայն նշվում են որոշ հնարավոր պատճառներ՝ գենետիակական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով և ծանր մետաղների աղերով, աուտոիմուն պրոցեսները և այլն:
Աուտիզմ ունեցող մարդիկ ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ: Աուտիզմը բացասաբար է ազդում երեխաների, նրանց ընտանիքների, հասարակության և համայնքների կյանքի որակի վրա:
Այդ պատճառով 2008 թ. Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովը ապրիլի 2-ը միաձայն հայտարարեց Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր՝ ընդգծելով աուտիզմ ունեցող երեխաների և մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն լիարժեք ու բովանդակալից կյանք:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է. «Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել