HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մեխակ Ապրեսյան. «Զբոսաշրջության ոլորտի ընկերությունները վարկերը մարելու խնդիր ունեն»

Զբոսաշրջության ոլորտը դեռ «քնած է». ամբողջ աշխարհում, ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների, 2020 թվականի առաջին 10 ամիսներին զբոսաշրջային այցելությունների թիվը 70%-ով նվազել է: Կրճատվել է մոտավորապես 900 միլիոն այցելություն:

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի բիզնեսները կարողացան որոշակի եկամուտներ ապահովել միայն Ամանորի նախաշեմին, սակայն դրանով ոլորտում առկա վիճակը չի բարելավվել: Այս մասին «Արմենպրեսի» մամուլի կենտրոնում այսօր՝ հունվարի 13-ին տեղի ունեցած ասուլիսին նշեց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը: 

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալների՝ նախորդ տարվա առաջին ինն ամիսներին (2020 հունվար-սեպտեմբեր) Հայաստան է ժամանել ընդհանուր առմամբ 327 735 օտարերկրյա զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 77.5%-ով պակասել է:

Կտրուկ նվազել է նաև Հայաստանից արտերկիր մեկնող զբոսաշրջիկների թիվը: Նախորդ տարվա ինն ամիսներին Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնողների թիվը կազմել է 286 227, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 78.2%-ով:  

Տարեկան կանխատեսումներով, ըստ Մեխակ Ապրեսյանի, Հայաաստան այցելող օտարեկրյա զբոսաշրջիկների թիվը կրճատվել է մոտ 80%-ով:

«Որպես հանգստի հիմնական, համեմատաբար ակտիվ սեզոն երրորդ եռամսյակն է եղել: Սակայն բոլոր այն ընկերությունները, որոնք ներգրավված չեն եղել ներքին զբոսաշրջության ոլորտում, գրեթե ամբողջ տարվա ընթացքում եկամուտներ չեն ստացել: Փորձել են վաճառել ավիատոմսեր, բայց քիչ քանակությամբ: Դա չի լուծել այդ ընկերությունների գոյատևման խնդիրը: Ոմանք փորձում են «ատամներով պահել» բիզնեսը՝ հույս ունենալով, որ գոնե այս տարի ոլորտը կարող է վերականգնվել»,- նշեց Ապրեսյանը:

Ինչպես շատ ոլորտներում, զբոսաշրջության ոլորտում գործող տնտեսվարողները ևս վարկային պարտավորությունները մարելու խնդիր ունեն: Թեև կորոնավիրուսի բռնկման հետևանքով ոլորտի համար ծրագիր է մշակվել կառավարության ու բանկերի կողմից վարկերը մարելու ժամանակահատվածները վեց ամսով երակարաձգելու վերաբերյալ, սակայն այդ վեց ամիսը լրանալուց հետո ընկերությունները կրկին նույն խնդրի առաջ են կանգնած:

«Զբոսաշրջության ոլորտի ընկերությունները վարկերը մարելու խնդիր ունեն: Այդ ծրագիրը պետք է գոնե մեկ տարով ընդունվեր: Կառավարությունը պետք է այս հարցն արագ քննարկի և կրկին վարկային պարտավորությունները մարելու ժամանակահատվածները երկարաձգելու որոշումներ ընդունի՝ գոնե մինչև այս տարվա ապրիլ: Դիմել ենք, հուսանք արդյունքներ կտան»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահը շեշտում է, որ Կառավարությունը, մասնավորապես՝  Էկոնոմիկայի նախարարությունը, պետք է մասնավոր հատվածի հետ ավելի շատ հանդիպումներ ու քննարկումներ անցկացնի, որ կարողանա ավելի ճիշտ պատկերացնել ու գնահատել ոլորտի վիճակը:

«Պետք է բարելավվի նաև զբոսաշրջության վերաբերյալ վիճակագրական տեղեկատվական համակարգը: Մենք չունենք հստակ վիճակագրություն, թե այսօր քանի զբոսաշրջային օպերատոր ունենք, հստակ չէ նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների բազան: Տվյալների բացակայությունը թույլ չի տալիս վերլուծություն կատարել՝ հասկանալու, թե 2020 թվականին նրանցից քանիսը փակվեց, քանիսը չունեցավ եկամուտներ և այլն»,- շեշտում է Ապրեսյանը:  

Նա համոզված է՝ եթե զբոսաշրջության ոլորտին ուղղվող ռեսուրսներն  ընդլայնվեն, ոլորտը կկարողանա աստիճանաբար ոտքի կանգնել: Դա էլ իր հերթին կնպաստի տնտեսական աճին:  Հարկավոր է 2021-2024թթ. զարգացման հայեցակարգ մշակել ու հաստատել՝ որպես թիրախային նպատակ նախանշելով այն, որ մինչև 2024 թվականը առնվազն կրկնապատկվի Հայաստան եկող օտարկերյա զբոսաշրջիկների թիվը: Այդ իմաստով նաև պետք է զբոսաշրջության մարքեթինգի խթանման համար նախատեսված բյուջեն բազմապատկել:

«2019 թվականի տվյալներով՝ Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 1.9 միլիոն: Դա նշանակում է, որ նվազագույն հաշվարկներով մոտ 1.5 մլրդ դոլարի եկամուտ է ապահովվել միայն ներգնա զբոսաշրջության հաշվին: Նորից կոպիտ հաշվարկով՝ դա նշանակում է, որ մոտ 300 միլիոն դոլար հարկեր են վճարվել պետական բյուջե: Չե՞նք կարող դրա գոնե 1%-ը հատկացնել զբոսաշրջության մարքեթինգին: Հավատացնում եմ, եթե այդպիսի բան անենք, դրա արդյունքը շատ շուտ կտեսնենք»,- համոզված է «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը: 

Գլխավոր լուսնկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter