
Նիկոլ Փաշինյան․ «Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը»
Հունվարի 11-ին մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքներով չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցավոք, այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, և դա ամենազգայուն և ցավոտ հարցն է, քանի որ այն հումանիտար հարց է։ Մենք պայմանավորվել ենք, որ կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ նոյեմբերի 9-ի մեր համատեղ հայտարարության 8-րդ կետը (գերիների և պահվող անձանց վերաբերյալ, խմբ․) ամբողջությամբ չի իրականացվել։ Հույս ունեմ, որ ամենակարճ ժամկետներում մեզ կհաջողվի հասնել կոնկրետ լուծումների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի վարչապետի խոսքով՝ ղարաբաղյան հարցը մինչև օրս չի կարգավորվել, մասնավորապես չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է այսօրվա հանդիպման արդյունքներով ստորագրված եռակողմ հայտարարությունը, որի իրականացումը, ըստ Փաշինյանի, ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տնտեսական իրադրությունը։
Լուսանկարը՝ РИА Новости / Михаил Климентьев
Մեկնաբանել