
Լրտեսական սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև. Ադրբեջանում գեյ-պարադ կանցկացվի՞
Շարունակվում է լարվածությունն Ադրբեջանի և Իրանի միջևը, ինչն ավելի սրվեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի Իրան կատարած այցից հետո: Լուրեր են տարածվում ադրբեջանական լրտեսների ձերբակալությունների մասին, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի դեսպանին է ներկայացվել Իրանի ԱԳՆ-ից մի շարք բողոքներ:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրանագետ Արմեն Իսրայելյանը: Վերջինս կարծում է, որ Իրանի մտավորականության, հասարակական-քաղաքական շրջանակներում որոշ գործիչներ, քննդատելով Ադրբեջանին հակաիսլամական քաղաքականության մեջ, նաև շահարկում են ԼՂ-ի հակամարտությունը`նշելով, թե քանի դեռ Ադրբեջանը վարում է հակաիսլամական քաղաքականություն, չի կարող հաջողություններ ունենալ ԼՂ հարցում:
Սակայն իրանագետի կարծիքով` այդ հայտարարությունները համաձայնեցված չեն Իրանի իշխանությունների հետ, քանի որ Հայաստանում Իրանի դեսպանը բազմիցս հայտարարել է, որ «Իրանի համար անընդունելի է ԼՂ հակամարտության կրոնական որակավորումը»: Բացի այդ`արդեն իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները ևս հայտարարում են, որ Ադրբեջան պետություն մինչև 1918թ. չի եղել, ինչն ի նպաստ Հայաստանի է:
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի կարծիքով`Ադրբեջան պետության գոյությունն արդեն սպառնալիք է Իրանի համար, քանի որ Ադրբեջանը հավակնություններ ունի Ատրպատականի նկատմամբ: Ս. Ասատրյանի խոսքերով` ադրբեջանաիրանական լավ հարաբերություններն ի նպաստ Հայաստանի չեն եղել: Սակայն այժմ հակառակ իրավիճակն է. բարենպաստ պայմաններ են Հայաստանի համար, որից վերջինս պետք է օգտվի և խորացնի իր հարաբերություններն Իրանի հետ: Իսկ այն զենքը, որ Ադրբեջանը վերջերս ձեռք է բերել Իսրայելից, նախատեսված է ռազմածովային ուժերի համար եւ չի կարող ուղղված լինել ԼՂ-ի դեմ, այլ հնարավոր է` Իրանի: Միաժամանակ իրանցի մի շարք գործիչներ, քննադատելով Ադրբեջանին, հավասարկշռությունը պահելու համար «քար են գցում Հայաստանի վրա» և փորձում են քննադատել երկու կողմերին:
Ադրբեջանագետի խոսքերով`գոնե Բաքուն չի ցանականում բացահայտ դուրս գալ Իրանի դեմ, ինչը հասկանում է Իրանը: Սակայն դեռ շարունակվում են լրտեսական սկանդալներ երկու երկրների միջև: Իրանը մեղադրում է Ադրբեջանին Իսրայելի գործիչներին տարածք տրամդրելու մեջ, իսկ վերջիններս պարբերաբար սպանում են իրանցի ատոմագետ ֆիզիկոսներին` խափանելու Իրանի միջուկային ծրագիրը:
Ս. Ասատրյանի խոսքերով` ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտագործվում է Իսրայելի և Արևմուտքի կողմից` հետևելու Իրանում տեղի ունեցող իրադարձություններին:
Բացի այդ` Իրանի մի շարք գործիչներ մեղադրում են Ադրբեջանին իսլամը, հավատացյալների իրավունքները ոտնհարելու, մզկիթները քանդելու մեջ: Իրանցի մի շարք հոգևորականներ անգամ Ադրբեջանում Եվրատեսիլի անցկացումն անվանել են «սատանայական քայլ», սպառնացել փակել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսությունը: Անգամ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է անցկացնել գեյ-պարադ:
Երկու բանախոսներն էլ, սակայն, համոզված են, որ ռազմական գործողություններ Իրանի և Ադրբեջանի միջև այժմ քիչ հավանական են. Ադրբեջանը հասկանում է Իրանից եկող վտանգը: Եվ եթե անգամ սկսվեն ռազմական գործողություններ Իրանի և Իսրայելի միջև, ապա Ադրբեջանը կփորձի չեզոք դիրք գրավել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել