
Թեղուտի հարցը քննարկվել է Ժնևում
Հայ ինքնորոշված քաղաքացիները Ժնևում բարձր պահեցին Հայաստանի պետության միջազգային անունը: Հայաստանը, իբրև Օրհուսի կոնվենցիայի կողմ, պարտավորվում է հարգել շրջակա միջավայրի իրավունքների իմաստով ներկայումս գոյություն ունեցող այս ամենաառաջատար միջազգային համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2001թ. հունիսին Օրհուսում (Դանիա) և ներկայումս ունի 45 կողմ-պետություն:
Կոնվենցիան ձգտում է զարգացնել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը հանրային կառավարման մարմինների (իշխանությունների)` շրջակա միջավայրին առնչվող որոշումների և գործունեության վերաբերյալ: Այդ իմաստով կոնվենցիան ձգտում է երաշխավորել
ա) շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հանրային մատչելիությունը,
բ) հանրության արդյունավետ մասնակցությունը շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացման գործընթացներում,
գ) պահանջում է կառավարություններից կիրառել պատշաճ գործընթացներ, որոնք հնարավորություն կտան հանրությանը վիճարկել և փոխել շրջակա միջավայրին առնչվող որոշումները:
Անցյալ տարիներին ՀՀ իշխանությունները ձախողել են իրականացնել իրենց այս միջազգային պարտավորությունները և չեն կատարել Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կողմից առաջադրված պահաջները:
Այսօր Ժնևում տեղի ունեցավ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի նիստը (36-րդ նստաշրջանի շրջագծում` 27-30.03.2012), որն առաջին հերթին քննեց Հայաստանի հարցը:
Հայաստանի հանրային կառավարման մարմինները ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԷԻՆ ու նաև թերացել էին կոմիտեին ուղարկել պահանջված զեկույցն ու գործողությունների ծրագիրն այն մասին, թե ինչպես են պատրաստվում իրագործել հատկապես Թեղուտի վերաբերյալ կոնվենցիայի և կոմիտեի պահանջները:
Նիստին մասնակցում էր Հայաստանի մյուս և իրական շահառու կողմը՝ հանրությունը` հանձինս սփյուռքի և Հայաստանի ինքնորոշված քաղաքացիների 4 հոգանոց պատվիրակության: Նրանք ներկայացրեցին խնդրի լրջությունը և ժողովրդի գոյությանն ու անվտանգությանը սպառնացող ՀՀ կառավարության որոշումները, որոնք հակասում են ՀՀ օրենքներին ու Կոնվենցիայի պարտավորություններին: Նշվեց, որ ՀՀ իշխանությունների մոտ բացակայում է քաղաքական կամքը` հանուն հանրության շահի և շրջակա միջավայրի պաշտպանության որոշումներ կայացնելու:
Կոմիտեի անդամներն ու նախագահը ողջունեցին Հայաստանի հանրության մասնակցությունն ու կարևոր դիտողությունները: Արձանագրեցին, որ հաշվի կառնեն հիմնախնդրի և իրավիճակի լրջությունը և իրենց լիազորությունների սահմաններում կփորձեն ազդարարել և ավելի խստորեն հետամուտ լինել ՀՀ իշխանությունների կողմից Կոմիտեի պահանջների կատարմանը:
Հայաստանի հանրության պատվիրակությունը՝ ինքնիշխան քաղաքացիները, շեշտեցին, որ Հայաստանի հանրությունն արդեն իսկ ավելի ներգործուն ու աչալուրջ կերպով իր ուժերով է ստանձնել իր քաղաքացիական իրավունքների նվաճումը, այդ թվում նաև շրջակա միջավայրի հետ կապված իրավունքների նվաճումը: Իշխանություններն, ուզեն թե չուզեն, հաշվի են նստելու հանրության հետ, այդպիսով նաև պարտադրված են լինելու կենսագործել ՀՀ Սահամանդրության ու միջազգային իրավական պարտավորությունները:
Արմինէ Առաքելեան,
քաղաքագետ և միջազգային իրավաբան,
ՄԻԺԻ-ի հիմնադիր, Ժնև, 30.03.2012
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել