HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

6-ամյա Լևոն. «Իմ պապան այդպես էլ չմեծացավ»

Այսօր Լևոնի ծննդյան տարեդարձն է. լրացավ նրա 6-րդ տարին: Տանը նրան շնորհավորել էին, նվերներ փոխանցել, սակայն այս ծննդյան տարեդարձը տարբերվում էր նախորդներից. Լևոնը ծնունդը նշում էր առանց հոր՝ Սարգիս Իսկանդարյանի: Վերջինս զոհվել է արցախյան պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 29-ին: 

Տղան քույրիկի՝ 2.5 տարեկան Մարիայի, մոր և հորաքրոջ հետ եկել էր «Հայ հերոսներ» բարեգործական կազմակերպության կողմից կազմակերպված՝ «Երեխաները հանուն խաղաղության» խորագիրը կրող միջոցառմանը: Նա չգիտեր, որ միջոցառման մի հատվածը նվիրված էր լինելու իր ծննդյան տարեդարձին:

Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի բակում հավաքվել էին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած պատերազմի հետևանքով ծնողազուկ դարձած երեխաները: Լսվում էին խաղաղության մասին երգեր, իսկ բակում հավաքված 100-ից ավել երեխաների ձեռքին սպիտակ փուչիկներ էին՝ «Հայրիկ, քեզ կատոտել եմ», «Հայրիկ, հպարտանում եմ քեզնով», «Հայրիկ, ես քեզ սիրում եմ» և այլ գրություններով: Երեխաները փուչիկներ բաց թողեցին երկինք՝ ի նշան խաղաղության:  

Երեխաներին այցելել էր նաև 6-ամյա Վահեն, ով պատերազմի օրերին ընկույզ էր վաճառում և գումարը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Լևոնի հայրը՝ Սարգիս Իսկանդարյանը, զոհվել է սեպտեմբերի 29-ին Հադրութում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից: Սարգիսը պահեստազորային էր և Արցախ էր մեկնել հենց պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին:

Լևոնի հորաքույրը՝ Լուսինե Իսկանդարյանը պատմեց, որ տղան գիտի, հասկանում է, որ հայրը զոհվել է, սակայն չի ընդունում այդ փաստը: Լուսինեն նշեց, որ երեկ Լևոնը պապից հետաքրքրվել է, թե վերջինիս հայրը երբ է մահացել: Պապը պատասխանել է, որ ծերության հասակում է մահացել, ինչին Լևոնը կտրուկ է պատասխանել. «իսկ իմ պապան այդպես էլ չմեծացավ»: 

Լևոնը գրեթե ամեն օր թերթում է հոր նկարներն ու արտասվում, սակայն չի ասում, որ հայրը մահացել է, այդ մասին չի խոսում: Մեզ հետ զրույցում էլ ասաց, որ կարոտում է հորը, որը, ըստ տղայի՝ այժմ սահմանում կանգնած է: 

Լևոնը հոր մասին խոսելիս հայացքը փախցնում է, խուսափում է նայել դիմացինի աչքերին: Տղան հրաժարվում է ընդունել իրականությունը:

«Իրա ախպեր զինվորները գնացել են տուն, պապան մնացել ա սահմանում»,-ասում է Լևոնը և վազելով փախչում: Հետո հետ է գալիս ու ասում, որ ինքն էլ է զինվոր դառնալու, որ սահման գնա: Ասում է, որ ցանկանում է «իսկական զենք» նվեր ստանա, քանի որ «խաղալիքով կռիվ չեն գնում»:

«Հայ հերոսներ» կազմակերպության ղեկավար Լիլիթ Գրիգորյանը, ով հասցրել է այցելել Արմավիրի մարզում ապրող պատերազմի դաշտում զոհվածների ընտանիքներին, հայտարարեց, թե միջոցառման նպատակը երեխաներին փոքր-ինչ կտրելն է իրականությունից: Նրանց ընտանիքներում այս տարի տոնածառներ, տոնական սեղաններ չեն լինելու, ուստի այդ բացը փորձում են լրացնել միջոցառման շրջանակներում:

Երեխաներին վերջում հյուր եկավ Ձմեռ պապը և նվերներ բաժանեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter