
Վլադիմիր Պուտին․ «Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխավորներն են»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության նախարարության կոլեգիայի ամփոփիչ նիստին անդրադարձել է նաև ռուսական խաղաղապահ առաքելությանը Արցախում և բարձր գնահատել խաղաղապահների կատարած աշխատանքը։
ՌԴ նախագահի խոսքով՝ ռուս խաղաղապահները դարձել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխավորները, և նրանք իրենց կյանքը վտանգի են ենթարկում այնտեղ խաղաղ կյանքի վերականգնման համար։
Խաղաղապահների ծառայությանն է անդրադարձել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որն էլ նշել է, թե ռուս խաղաղապահները Ղարաբաղում ոչ մի լուրջ միջադեպ թույլ չեն տվել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Լուսանկարը՝ արխիվային / «Հետք»
Մեկնաբանել