
Վլադիմիր Պուտին․ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ և որոշվի ապագայում»
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինն տարեվերջյան իր ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին։ ՌԴ նախագահը շեշտել է, որ տարիներ շարունակ Ռուսաստանի դիրքորոշումն այն է եղել, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանները։
«Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա այն պետք է անփոփոխ մնա, ասյինքն՝ որոշվի ապագայում։ Լեռնային Ղարաբաղում պետք է ստատուս քվո արձանագրվի, սակայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պարտադիր հաղորդակցման հնարավորությամբ, ինչի համար էլ նախատեսված է եղել ստեղծել այսպես կոչված Լաչինի միջանցքը, այսինքն՝ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքը»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Կարդացե՛ք նաև՝
- Պուտինը չի բացառել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ավելացումը
- Վլադիմիր Պուտին․ «Լեռնային Ղարաբաղում պատերազմը արտաքին միջամտությամբ չի եղել»
Լուսանկարը՝ РИА Новости / Михаил Климентьев
Մեկնաբանել