
Ռուս խաղաղապահներն իրենց դիտակետերը պաշտպանական կառույցներով են ամրացրել
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտարկման կետերը համալրվեն են ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակայքում շրջանաձև դիտարկում կատարելու համար։ Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։
Ռուսական բլոկպոստերը համալրվել են ГНТ-2 և ГНТ-3 տեսակի գաբիոններով (ցանց՝ լցոնված քարերով)։ Այդ սարքավորումը ապահովում է ռուսական խաղաղապահ զորախմբի տվյալ բլոկպոստի ամբողջական պաշտպանությունը հրաձգային զենքերից և բեկորներից։
Այդ ենթակառուցվածքն իր մեջ ներառում է նաև անձնակազմի ապրելու համար երկու շարժական մոդուլ, բլոկ-մոդուլ՝ ճաշ պատրաստելու և ուտելու համար, ինչպես նաև տրանսպորտատեխնոլոգիակա բլոկ-մոդուլ, որն ապահովված է մշտական էլեկտրաէներգիա մատակարարելու սարքավորումներով, նշում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Մեկնաբանել