
Հայաստանի ընտրանին տարին եզրափակեց 99-րդ տեղում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է 2020 թ. տարեվերջյան վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը 1233 միավորով մնացել է 99-րդ տեղում:
Նոյեմբերյան ցուցակի համեմատ փոփոխություններն այս ամիս չնչին են: Համաշխարհային աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան, Ուրուգվայը, Մեքսիկան, Իտալիան:
ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի առաջիկա մրցակիցներից Գերմանիան ընթացիկ ցուցակում 13-րդն է, Ռումինիան 37-րդ հորիզոնականում է, Իսլանդիան զբաղեցնում է 46-րդ տեղը, Հս. Մակեդոնիան՝ 65-րդ, իսկ Լիխտենշտայնը՝ 181-րդ:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունի Ուկրաինան (24), որին հաջորդում են Ռուսաստանը (39), Ուզբեկստանը (85), Բելառուսը (88), Վրաստանը (89), Ղրղըզստանը (96): Մյուսները Հայաստանի ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են:
Մեր հարեւաններից ամենաբարձր տեղում Իրանն է (29), որին հաջորդում է Թուրքիան (32): Վրաստանն, ինչպես ասվեց, 89-րդն է, իսկ Ադրբեջանը 109-րդ տեղում է:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել