HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընդդիմադիրներն ահազանգում են. «Ապրում ենք աբսուրդի վարպետ Կաֆկայի ժամանակներում»

Երեկ ոստիկանությունը հրապարակեց այդ պահի դրությամբ Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը, որը կազմում է 2 միլիոն 485 հազար 844 մարդ: Երևան քաղաքի ընտրողների թիվը 860 հազար 388 մարդ է: Մինչդեռ տարեսկզբին Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում բնակչության թիվը 2 միլիոն 870 հազար է:

Նշենք, որ վերջին՝2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը եղել է 2 մլն 311 հազար 917 մարդ: Ընդդիմադիր քաղաքական գործիչները կարծում են, որ այս «հանելուկը» պարարտ հող է ստեղծում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ընտրողների հրապարակված թիվը խորը մտահոգության, ավելին՝անհանգստության տեղիք է տալիս: Ըստ պատգամավորի՝պետք չէ զինված լինել քաղաքագիտական գիտելիքներով, ոչ էլ փորձառությամբ՝ հասկանալու համար, որ Հայաստանում ամեն տարի արտագաղթողների թիվը պաշտոնական տվյալներով 30-40 հազար մարդ է, ծնելիությունը նվազել է, և երկրում կա լուրջ ժողովրդագրական խնդիր: Ուստի, հնարավոր չէ, որ այս ֆոնին ընտրողների թիվը աճեր:

«Մարդահամարի վերջին տվյալներով արձանագրվեց բնակչության թվի նվազում, մյուս կողմից էլ համեմատում ենք վերջին ընտրությունների ընտրողների թիվը, ու մեկ էլ հրապարակվում են տվյալներ, որ ընտրողների թիվը գրեթե հավասար է բնակչության ընդհանուր թվին: Կարելի էր ծիծաղել, եթե ողբերգական չլիներ: Որպես ՀՀ քաղաքացի և քաղաքական գործիչ՝ շատ պիտի ուրախանայի, որ եթե այդքան ընտրող ունենք, նշանակում է բնակչության աճ ենք ունեցել, բայց սա խոսում է միայն նախընտրական կեղծիքի սցենարի մասին: Արհեստականորեն ընտրողների թվաքանակն ավելացված է շատ պարզ, հասկանալի հեռանկարով»,- ավելացրեց Լիլիթ Գալստյանը:

Պատգամավորի կարծիքով՝այս երևույթը պետք է մտահոգի ոչ միայն ընդդիմադիրներին, այլև բոլորիս, որովհետև ցանկացած ընտրակեղծիք հարվածում է Հայաստանի ապագային և պետականությանը, իսկ այս դեպքում կարծես թե բախվում ենք զանգվածային ընտրակեղծիքի հետ:

«ՀՅԴ-ի քաղաքական որոշումները կայացում է Գերագույն մարմինը, բայց իմ կարծիքով՝պետք է քննարկել և հասկանալ, թե ինչ կարելի է անել, քանի որ նորից բախվում ենք ամեն գնով իշխանությունը պահելու վարքագծի հետ: Սա լուրջ թեմա է, և ընդդիմադիր դաշտը ոչ միայն պետք է հետևություններ անի, այլև համապատասխան վարքագիծ դրսևորի: Չի կարելի թողնել, որ գողանան ընտրության մեր իրավունքը, մեր արժանապատվությունը, քանի որ կեղծում են Հայաստանի վաղը»,- ասաց Լիլիթ Գալստյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Երևան թիվ 6 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության մեծամասնական թեկնածու Արմեն Մարտիրոսյանը նույնպես մտահոգություն հայտնեց ընտրողների թվի վերաբերյալ:

«Արդեն աբսուրդի վարպետ Կաֆկայի ժամանակներում ենք ապրում: Իշխանությունները հայտարարում են արտագաղթի մասին, նույնիսկ այդ պարագայում իրենց մոտ չգիտես ինչ հրաշքով ընտրողների թիվը ավելանում է: Սովորողների թիվը տարեցտարի պակասում է, բայց Հայաստանում միայն ընտրողների թիվն է ավելանում»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ պատգամավորի՝պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ երկրի բնակչության 25-30 տոկոսն ընտրական իրավունք չունեցող է՝մինչև 18 տարեկան անձինք: Արմեն Մարտիրոսյանի հաշվարկով, եթե Հայաստանի բնակչությունը մոտավորապես 2.8 մլն է, և նրանց 25 տոկոսն էլ կազմում է 700 հազար մարդ, ապա ընտրողների թիվն իրականում պետք է լիներ 2 մլն 100 հազար մարդ, ոչ թե 2.5 միլիոն, որը հրապարակել է ոստիկանությունը:

Ինչ վերաբերում է թիվ 6 ընտրատարածքին, ապա 2 օրվա տարբերությամբ Արմեն Մարտիրոսյանը զարմանքով արձանագրել է, որ 3000 ընտրող միանգամից ավելացել է: «Սա նաև մեծամասնականի համար է օգտագործվելու, և որպես ընդդիմադիր թեկնածու՝ ինձ համար խնդրահարույց վիճակ է ստեղծում»,- ավելացրեց նա:

Պատգամավորը վստահված անձանց և հանձնաժողովների անդամներին կոչ է անում ուշադիր լինել անձնագրերի հարցում՝ ընտրակեղծիքների դեմն առնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter