
Արդյունաբերական առաջընթացը էկոլոգիական վտա՞նգ
Այսօր «Անկախության սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հասարակական քննարկում՝ «Հրազդանի երկաթի հանքի շահագործման դրական և բացասական կողմերը» թեմայով:
Հանդիպումը մեկնարկեց econews.am կայքի շնորհանդեսով, որը զբաղվելու է բնապահպանական խնդիրների լուսաբանմամբ, ոլորտի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ և այլն: Քննարկմանը մասնակցում էին Հրազդանի «Օրհուս» հիմնադրամի համակարգող Ժորա Առաքելյանը, Հայաստանի «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության օգտակար հանածոների հաշվառման, որոնման և հետախուզական ամբիոնի ասիստենտ Սուրեն Ներսիսյանը, «Անտառները գալիք սերունդներին» ՀԿ նախագահ Մովսես Մանուկյանը եւ «Fortune Resources» ընկերության ներկայացուցիչներ Գևորգ Հարությունյանը, Տիգրան Քրմոյանը, երկրաբան Վլադիմիր Հարությունյանը, իրավաբան Պերճ Խաչատրյանը:
Քննարկման ընթացքում մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց Հրազդանի երկաթի հանքի մասին «Անկախության սերունդ» ՀԿ-ի պատրաստած համառոտ նկարագիրը: Բնապահպանները եւ «Fortune Resources»-ը ներկայացրին երկաթի հանքի շահագործման հետեւանքների մասին իրենց տեսակետները: Մասնավորապես, բնապահպանների համոզմամբ` հանքի շահագործման հետեւանքով աղտոտվելու են խմելու ջրի պաշարները:
«Թափոնները լցվելու են գետերը, իսկ փոշիացած հանքանյութի ծանր մետաղները նպաստելու են հողի բերրիության նվազեցմանը եւ բնակիչների շրջանում թոքերի քաղցկեղի առաջացմանը»,- ասաց Հայաստանի «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը: Իսկ «Fortune Resources» ընկերության ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը նշեց, որ իրենք երկրի թշնամին չեն եւ պատրաստ են համագործակցության. «Մենք դեռ չենք մտել հանքարդյունաբերության փուլ եւ առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել Հրազդանի բնակիչներին` լսելու իրենց մտահոգություններն ու առաջարկությունները»:
Քննարկման ավարտին կողմերը եկան այն եզրակացության, որ նման հանիպումները պետք է կրեն շարունակական բնույթ, ինչը կնպաստի բնապահպանական խնդիրների լուծմանը:
«Անկախության սերունդ» երիտասարդական ՀԿ
Մեկնաբանել