Ֆրանսիան կշարունակի Ռուսաստանի հետ խորհրդակցությունները Հայաստանի շահերը պաշտպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հանգելու համար
Ելիսեյան պալատը հաղորդագրություն է տարածել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրի վերաբերյալ, որում ասվում է.
«Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը և Ադրբեջանը երեկ երեկոյան համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այս համաձայնագիրը հաջորդում է շաբաթներ տևած մարտերին, որոնց ընթացքում Ֆրանսիան մշտապես հանձնառու է եղել բռնություններին լիովին վերջ դնելու և բանակցային ճանապարհով լուծում գտնելու հարցում:
Ֆրանսիան այժմ անցնում է համաձայնագրով նախատեսված պայմանների վերլուծությանը և ակտիվորեն կշարունակի Ռուսաստանի հետ խորհրդակցությունները՝ Հայաստանի շահերը պաշտպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հանգելու համար: Հանրապետության Նախագահը շատ շուտով կապ կհաստատի նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
Ֆրանսիան խստորեն պահանջում է Թուրքիայից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ սադրանքները, զսպվածություն ցուցաբերել և չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք խարխլում են կողմերի միջև և Մինսկի խմբի շրջանակում կայուն համաձայնության բանակցման հնարավորությունը:
Այս պահին առաջնահերթությունը պետք է մնա մարտական գործողությունների տևական ավարտը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Ֆրանսիան, այս առումով, մի քանի շաբաթ է ակտիվորեն մոբիլիզացվել է:
Հանրապետության Նախագահի խնդրանքով անցյալ շաբաթ օրը Երևան ժամանեց բժշկական առաքելություն: Այն ներառում է վիրաբույժների թիմ և բժշկական սարքավորումներ: Հինգշաբթի օրը Ելիսեյան պալատում տեղի կունենա համակարգող ժողով պետական և մասնավոր օպերատորների միջև, որպեսզի հնարավորինս ճշգրիտ արձագանք տրվի հակամարտությունից տուժածների և ողջ հայ ազգաբնակչության կարիքներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել