Հովիկ Աբրահամյանի եղբայրը և այլ թեկնածուներ հրաժարվել են ընտրապայքարից
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները մինչև ապրիլի 1-ը պետք է ստուգեն մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների դիմումները և նրանց գրանցման վերաբերյալ որոշում կայացնեն: Մինչ այդ մի քանի ընտրատեղամասերում առաջադրված թեկնածուներն արդեն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել:
Ինչպես տեղեկացրել էինք, Երևանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Այդ տարածքում պայքարն ընթանալու է հիմնականում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի և պատգամավոր Սամվել Ալեքսանյանի միջև: Թիվ 7-ում առաջադրվել են նաև Տիգրան Գրիգորյանն ու Վարդան Վարդանյանը:
Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված անկուսակցական Մանվել Եղիազարյանը երեկ նույնպես ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այս տարածքում առաջադրված է երկու պատգամավոր' Հեղինե Բիշարյանն ու Գրիգորի Մարգարյանը:
Արարատի մարզի թիվ 17-ում ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Հովիկ Աբրահամյանի եղբայրը' Հենրիկ Աբրահամյանը: Նա ինքնաառաջադրվել էր իր զարմուհու' Կարինե Պողոսյանի դեմ: ՀՀԿ-ն հենց վերջինիս թեկնածությունն է սատարում:
Կոտայքի մարզի թիվ 26 ընտրատարածքում ինքնաբացարկ է հայտնել «Միասին» երիտասարդական շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը: Այս տարածքում առաջադրվել է ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը:
Տավուշի մարզ թիվ 40 ընտրատարածքում ընտրապայքարից հրաժարվելու դիմում է ներկայացրել «ԷՅ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ի Տավուշի մարզային ծառայության պետ Երվանդ Չիլինգարյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել