Թե ինչու մենատնտեսը որոշեց դառնալ պատգամավոր
Արմավիրի թիվ 20 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվել նաև անկուսակցական մենատնտես, Տանձուտ գյուղի բնակիչ Էդվարդ Անտոնյանը: Եթե թեկնածուների գրանցման գործընթացը հաջողությամբ ավարտվի, ապա Էդվարդ Անտոնյանը ընտրապայքարի մեջ կմտնի գործող պատգամավոր, ՀՀԿ անդամ Հրանտ Գրիգորյանի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ Մերուժան Աբրահամյանի, մեկ այլ անկուսակցական մենատնտես Սամվել Հովհաննիսյանի և Մրգաշատ գյուղի թիվ 2 դպրոցի ուսուցիչ Ատոմ Պետրոսյանի հետ:
«Հետքի» հետ զրույցում Էդվարդ Անտոնյանն ասաց, թե քաղաքականությամբ միշտ զբաղվել է' սկսած 1988թ-ից, սակայն 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո պասիվացել է ու հիմա նորից որոշել է ակտիվանալ:
«Հիմա զգում եմ, որ այն, ինչ կուզեի տեսնել մեր երկրում, ժողովրդի, իշխանությունների մեջ, ինչ-որ բան պակասում է: Դրանից ելնելով էլ՝ որոշեցի իմ խոսքը, կարծիքը, ժողովրդին հուզող հարցերը հնչեցնել պառլամենտում: Եթե Աստված հաջողություն տա, համոզված եմ, որ իմ ներկայությամբ ու մասնակցությամբ մասնակիորեն այդ բացը կլրացվի»,- ասաց Էդվարդ Անտոնյանը:
Նա տպավորություն ունի, որ ներկայիս 131 պատգամավորներն էլ չեն ապրում բնակչության ճնշող մեծամասնության կենցաղով, հոգսերով ու ցավերով:
Պատգամավորության թեկնածուն ասաց, թե սատարող ուժ չունի և իր հույսը «ժողովրդի բանականությունն է»: «Տարածաշրջանում բավականին լավ ճանաչում են ինձ: Աշխատել եմ արտադրությունում, զբաղվել եմ մանկավարժական գործունեությամբ, արցախյան պատերազմի ակտիվ կազմակերպիչներից եմ եղել, այնուհետև ընտրվել եմ շրջգործկոմի նախագահի տեղակալ, եղել եմ Արմավիրի քաղաքապետի թեկնածու: Հիմա էլ զբաղվում եմ հողագործությամբ և անձամբ մի քանի գլուխ անասուն եմ պահում»,- ավելացրեց Է. Անտոնյանը:
Արմավիրում արդեն լուրեր են շրջանառվում, որ գեներալ Մանվել Գրիգորյանը սատարում է Էդվարդ Անտոնյանին, թեև գեներալի եղբորորդի Հրանտ Գրիգորյանն էլ է առաջադրված: Նշենք, որ ազգականների հարաբերություններն այնքան էլ լավ չեն, ուստի չի բացառվում, որ Մանվել Գրիգորյանն ընդդեմ Հրանտ Գրիգորյանի այլ թեկնածուի սատարի:
Էդվարդ Անտոնյանն ասաց, թե ուրախ կլիներ, եթե Մանվել Գրիգորյանը՝ որպես ընտրող, իրեն ձայն տար: «Բայց այնուամենայնիվ, նման աջակցության մասին ոչ մեկին ոչ հայտարարել եմ, ոչ էլ իրավունք ունեմ ասելու, քանի որ նրա կողմից նման բան չեմ լսել: Ես էլ այն անձնավորությունը չեմ, որ մարդկանց հարաբերությունների բարդության պատճառով փորձեմ օգուտ ստանալ: Փառք Աստծո, ես մտերիմներ ունեցել եմ, որոնք իշխանության մեջ առաջին դեմքեր են եղել, բայց իրենց չեմ խնդրել, որ ինձ աշխատանքով ապահովեն կամ ինչ-որ հարցով օգնեն»,- ավելացրեց պատգամավորության թեկնածուն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել