
Մհեր Գրիգորյանը հավանական չի համարում «լոքդաուն»-ին անցնելը
Չեմ կարծում, որ ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք տնտեսական գործունեության «լոքդաունի»:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով կորոնավիրուսային համաճարակի թվերի աճին:
«Եթե անցած փորձը ամփոփենք, ընդ որում ոչ միայն Վրաստանի, այլ նաև եվրոպական երկրների, նման օրակարգ այս պահի դրությամբ չենք ունենալու, բայց բոլորիս կոչ եմ անում կանխարգելիչ միջոցառումները ինքնակամ ապահովենք»,- ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով 2021 թվականի պետական բյուջեի նախագծին փոխվարչապետն ընդգծեց, որ այն այս պահին հաշվեկշռված տեսք ունի, հստակ է, թե ինչ եկամուտներ ենք ունենալու, ինչ մարտահրավերներ ունենք ու ինչ ծախսեր ենք ունենալու: Ըստ Գրիգորյանի` նախագիծը հաշվի է առնում բոլոր հանգամանքները և ունի ֆինանսական տրամաբանություն` կայուն տնտեսություն և կայուն սոցիալական վիճակ ունենալու համար:
Մհեր Գրիգորյանի խոսքով` թե՛ ռազմական դրությունը, թե՛ կորոնավիրուսային հիվանդությունը բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցել են:
Պետական պարտքի շեմի աճ սպասվում է, սակայն ըստ փոխվարչապետի շեմն այդքան կարևոր չէ, որքան ծախսման արդյունավետությունը:
«Որևէ մեկը չի պատրաստվում պարտքեր վերցնել ու իրականացնել ծախսեր, որոնք պայմանավորված չեն մարտահրավերներով: Ավելի շատ պետք է հետևեք ֆինանսների նախարարության փորձագետների պարզաբանումներին, թե ինչպես է այդ պարտքը ծախսվելու, և ինչ հավելյալ արժեքներ ենք գեներացնելու, որոնք հնարավորություն կտան պարտքում ներգրավված միջոցները բնականոն սպասարկել: Կարծում եմ` հնարավոր չէ, որ շեմի փոփոխություն չլինի, բայց վստահ եմ շեմի փոփոխության հետևանքով կունենանք այնպիսի մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն, որ ծախսերը կնպաստեն արդյունքների գեներացմանը»,- ասաց նա:
Մեկնաբանել