
«Թեղուտը մեզ, Մեջլումյանը Ձեզ»
Մարտի 23-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ հանրային քննարկման ենթարկվեց «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը», որի դեմ «Փրկենք Թեղուտը» կարգախոսով մշակույթի կենտրոնի բակում ցույցի էին դուրս եկել Թեղուտի պաշտպանության խմբի անդամները:
«Թեղուտը ժողովրդինն է», «Թեղուտը մեզ, Մեջլումյանը Ձեզ». այս և այլ կարգախոսներով ցուցարարները դիմավորցին քննարկման մասնակիցներին, մասնավորապես «Վալլեքսի» ղեկավարներին:
«Հայաստանի կառավարությունը հանքահանություն է իրականացնում, և ազգային հարստությունը գրոշներով օտարում են: Հայաստանի իշխանությունը վարում է ոչ ադեկվատ վարք: Օրախնդիր է լուծում, երկարաժամկետ զարգացումները իրենց չեն հետաքրքրում»,- ասում է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար, ցուցարար Լևոն Բարսեղյանը:
![]() |
![]() |
Լևոն Բարսեղյան | Խոսում է Հակոբ Սանասարյանը |
Լևոնը Հայաստանի 29 հազար քկմ-ի վրա 470 հանքարդյունաբերական լիցենզիան համարում է չափազանց մեծ խտություն: Քննարկումը բացելով` բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը հայտարարեց, որ այս ֆորմատով Թեղուտի հանքավայրի ծրագրի քննարկում չի եղել. «Քննարկմանը մասնակցում են շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր որոշումներ են ընդունում: Նրանք նախապատրաստվել են, որպեսզի Ձեզ հետ կարողանան այդ հարցերի պատասխանները քննարկել»,- ասաց բնապահպանության նախարարության պատասխանատուն:
Քննարկմանը ներկայացվեցին Թեղուտի հանքավայրի շահագործման տնտեսական օգուտներն ու վնասները, այդ թվում` բնապահպանական սպառնալիքները: «Վալլեքս» խմբի ներկայացուցիչներն ամեն գնով փորձում էին հիմնավորել Թեղուտի հանքավայրի շահագործման տնտեսական շահավետությունը: Ընկերության հասարակայնության և լրատվության հետ կապերի ծառայությունը տեսանյութի միջոցով քննարկման մասնակիցներին մատուցեց հանրության մտահոգությունների իր մեկնաբանությունները. «Թեղուտի ծրագիրը իրենից ներկայցնում է 350 մլն դոլարի ներդրում, 200 մլն դոլարի արտադրության ծավալների աճ: Ծրագրի իրականացման համար «Վալլեքսի» ներդրումային ծախսերը այս պահին կազմում են 130 մլն դոլար: Այս պահի դրությամբ հատվել է 75 հա անտառ»,- ասաց «Վալլեքսի» մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը:
![]() |
![]() |
Ծրագրի իրականացման տնտեսական պահանջարկը ընկերությունը ներկայացնում էր աշխատատեղերի հանրային պահանջի ֆոնի վրա: Ծրագիրը հնարավորություն կստեղծի Ալավերդու պղնձաձուլական գործարանի մոդեռնիզացման համար, որը կապահովի նոր աշխատատեղեր: Ծրագրին համընթաց «Վալլեքսը» կիրականացնի հյուրանոցային գործ և զբոսաշրջություն: Թեղուտում ընկերությունը կզբաղվի նաև փիրուզի վերամշակման արտադրությամբ, քանի որ այստեղ կա նաև փիրուզի հանքավայր: Վերջինիս մակաբացման ապառների շերտում կա մոտ 350 000 խմ հանքաքար` 100 տոննա փիրուզի պաշարով: Սա նշանակում է, որ 150 մարդ ևս կունենա աշխատատեղեր: Ընկերությունը ակնկալիքներ ունի օքսիդացված հանքաքարի պաշարների վերամշակման ուղղությամբ. Թեղուտի ծրագրերի խոշորամասշտաբ իրականացումը «Վալլեքսի»-ի համար կդառնա հենակետ Ղարաբաղում հանքարդյունաբերության ոլորտը զարգացնելու համար: Ընկերության ներկայացուցիչները չբարձրաձայնեցին Թեղուտի ծրագրի իրականացման բնապահպանական վնասները: Այդ մասին խոսեցին ներկա ՀԿ-ների ղեկավարները:
Վերջններիս ելույթներից պարզվեց, որ կառավարությունը վաղուց քաջատեղյակ է Թեղուտի ծրագրի հանրային ահազանգներին, սակայն դրանք տարիներ շարունակ լուծումներ չեն ստացել կառավարության կողմից:
![]() |
![]() |
«Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը Թեղոտի ծրագրի կսրևոր թերություններից մեկը համարեց ծրագրի նախագծի և ՇՄԱԳ-ի անհամապատասխանությունը: Ծրագիրը առաջին փուլում նախատեսում է հանքահանություն 28.5 տարվա համար: «Ջրային համակարգին, հողին, անտառային համակարգերին հասցված վնասը հաշվառված է ընդամենը 8 տարվա հաշվով»,- ասաց Հ.Սանասարյանը: Նա հայտնեց, որ 2008թ.-ի հուլիսի 20-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ այս հարցը բարձրացվել է: Քննարկման արձանագրության մեջ գրված է. «Անհրաժեշտության դեպքում միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացնել հանքահանման նախագծի ՇՄԱԳ-ի փորձաքննություն 25 տարիների համար: Նույն խորհրդակցությունում վարչապետի կողմից հանձնարարվել է մինչև 2008թ.-ի տարեվերջը Թեղուտի հանքավայրի շահագործման 25 տարիների համար հանքահանման ՇՄԱԳ-ի փորձքննության նյութերը տրամադրել ՀԿ-ներին, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ անաչառ փորձաքննություն կատարելու համար»:
Հակոբ Սանասարյանը գտնում է, որ այս հանձնարարությունից հետո 2005թ.-ի ՇՄԱԳ-ն այլևս գոյություն չունի: Ծրագրի տնտեսական իր գնահատականում Հակոբ Սանասարյանը նշեց, որ պետությունը բաց հանքի 240 հա տարածքը «Վալլեքս» խմբի ընկերությանը տվել է 1քմ-ն 2,8 դրամով, իսկ պոչամբարի տարածքը, որը նույնպես հավերժորեն դուրս է գրվում ՀՀ հողային շփումներից, 1 քմ գնահատված է 22,4 դրամ:
«Եթե առաջին փուլում 25 տարիների ընթացքում պետք է վերամշակվի 175 մլն տոննա հանքաքար, դրանից 172,8 մլն տոննան պոչանք է լինելու և լցվելու է «Խառատանոց», և դրա համար ոչ մի կոպեկ պետական գանձարան չի մտնում: Ընդհանրապես Հայաստանում պոչանքները չեն մտնում հարկման դաշտ» ,-ասաց բանախոսը: Պարզվեց, որ վարչապետի մոտ այս հարցը նույնպես քննարկվել է. «Բնապահպանության նախարարությանը 3 տարի առաջ հանձնարարավեց, որ այստեղ ինչ-որ գործոն լինի: Հարցը նրանք ներկայացրերցին ԱԺ, յուրաքանչյուր 1տ պոչանքի համար գոնե 3 դրամ վճարի առաջարկությամբ: Հավանաբար ԱԺ-ում կային շահագրգիռ մարդիկ, ովքեր օգուտներ ունեին, առաջարկված 3 դրամը դարձրել էին 1 դրամ»,- ասաց Սանասարյանը:
Թեղուտի ծրագրի բնապահպանական ռիսկերի մասին իրենց տեսակետները ներկայացրեցին նաև մյուս ՀԿ-ների ղեկավարները, ովքեր ով գիտե հայրենի կառավարությանը քանիերորդ անգամ էին ահազանգում ծրագրի իրականացման հետևանքով մեծ ծավալի անտառահատումների վտանգների, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված թռչունների վերացման մասին:
Քննարկման ընթացքում բարձրացված հարցերին պատասխանեց «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը:
Ի՞նչ կտա և ի՞նչ նպատակ էր հետապնդում վարչապետի որոշմամբ մարտի 23-ին Թեղուտի ծրագրի հետ կապված քննարկումը հանրությանը այն դեպքում, երբ Թեղուտում արդեն ամիսներ շարունակ ընթանում են հանքի մակաբացման աշխատանքները: Հարցը հետաքրքրում էր քննարկման շատ մասնակիցների, որոնք այդպես էլ չստացան դրա պատասխանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել