Սուսաննա Աբրահամյանը նեղացած չէ, սակայն հրաժարվել է ՕԵԿ մամուլի խոսնակի պարտականություններից
ՕԵԿ-ի համամասնական ցուցակը հրապարակելուց հետո իր լիազորությունները վայր է դրել կուսակցության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հաստատեց հենց Սուսաննա Աբրահամյանը:
«Ես հասկացել եմ, որ կուսակցությունը չի գնահատել մամուլի ծառայության դերը ռազմավարական առումով, մասնավորապես, ըստ արժանավույն չի գնահատել մամուլի խոսնակի դերը: Իմ անձնական կարծիքով, մամուլի խոսնակը համամասնական ցուցակում 36-րդ տեղը դժվար թե զբաղեցներ, քանի որ ռազմավարական առումով սա կարեւոր նշանակություն ունեցող օղակ է»,-ասում է Սուսաննա Աբրահամյանը:
ՕԵԿ մամուլի արդեն նախկին խոսնակն ասում է, որ ցուցակում բոլորն էլ արժանիքներ ունեցող մարդիկ են, սակայն մամուլի խոսնակը տեխնիկական գործ անող չէ, այլ կուսակցության քաղաքական գիծն ու գաղափարախոսությունն առաջ տարողն է, քանի որ ավելի մոտ է կանգնած կուսակցության գաղափարախոսությանը, ղեկավարությանն ու կուսակցության էլիտային, հետեւաբար այդ գործն ավելի լավ կարող է կատարել:
Սուսաննա Աբրահամյանն ասում է, որ կուսակցությունից նեղացած չէ, պարզապես գնահատական է տալիս պրոֆեսիոնալիզմին: «Չեմ նեղանում, որովհետեւ սա անձնական հարաբերություն չի, ես որեւէ մեկից, անձից չեմ նեղանում, այլ պրոֆեսիոնալիզմի դեմ կատարված քայլից»,-նշեց Սուսաննա Աբրահամյանը:
Նա վերջում շնորհակալություն հայտնեց լրագրողներին, որ իր աշխատած տարիների ընթացքում փոխադարձ վստահության մթնոլորտում արդյունավետ աշխատել են միասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել