«Նոր զենքը փոխում է պատերազմը». Գերմանիայի Հանրային հեռուստատեսությունն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությունում կիրառվող նորագույն միջոցներին
«Լեռնային Ղարաբաղի բարձր դիրքն ու ամբողջ երկայնքով տեղակայված խրամատները երկար ժամանակ անառիկ էին Ադրբեջանի համար։ Բայց ժամանակակից ռազմատեխնիկան, մասնավորապես՝ դրոնները/ԱԹՍ-ները դժվարացնում են Հայաստանի պաշտպանությունը։
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանագիծը 176 կմ է։ Դրա երկայնքով տարածվում են երկարաձիգ խրամատները։ Հողային պատերը ամրացված են բետոնե սալիկներով։ Բետոնի նեղ անցքից հայ զինվորները հետևում են մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող հակառակորդին։ Մետաղե կարմիր եռանկյունները զգուշացնում են թաղված արկերի մասին։
Հայկական զինված ուժերն իրենց զրահներով, հրետանիով և պաշտպանական համակարգով խորը թաքնված են խրամատում։ Ղարաբաղի լեռներից նրանք առավելություն ունեն դեպի արևելք ընկած Ադրբեջանի նկատմամբ։»
Այսպես է իր հոդվածը սկսում Գերմանիայի հանրային հեռուստատեսության լրագրող Սիլվիա Շթյոբերը։ Tagesschau լրատվական հաղորդման իր «Լեռնային Ղարաբաղ․ նոր զինատեսակները փոխում են պատերազմի ընթացքը» հոդվածում նա անդրադառնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմում օգտագործվող զինատեսակներին և դրանց՝ պատերազմի ընթացքի վրա կարևոր ազդեցությանը։
Հեղինակը նշում է, որ Բաքուն նավթից և գազից ստացած առատ եկամուտները օգտագործել է զինված ուժերը վերազինելու ուղղությամբ, ինչն էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ղարաբաղն ամբողջությամբ գրավելու վճռականություն ցուցաբերելու պատճառներից մեկն է:
«Զանգվածային մարտերից մեկ շաբաթ անց՝ կիրակի օրը, Ալիևը հայտարարեց շատ տեղանքների գրավման մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեսանյութերում երևում են հայկական ռազմամեքենաների, հակահրթիռային պաշտպանութան կայանքների և զինվորների վրա մեծ ճշգրտությամբ իրականացված հարձակումներ։ Մի քանի օր է՝ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը, այդ թվում՝ 55 հազար բնակչություն ունեցող Ստեփանակերտը, հրետակոծության տակ են»,- գրում է հոդվածի հեղինակ Սիլվիա Շթյոբերը։
Լրագրողը հիշատակում է նաև Երևանի մոտակայքում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի գործողությունները, Գյանջա քաղաքի հրետակոծումը, ինչպես նաև «հայկական արկերի հայտնվելը մայրաքաղաք Բաքվի մոտակայքում»։
«Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) հաշվարկներով՝ Հայաստանը և Ադրբեջանը աշխարհում ամենառազմականացված տասը երկրների ցանկում են՝ բնակչության և տնտեսության համեմատ ռազմական ծախսերի հարաբերակցությամբ։ Մարտերի մեկնարկից ի վեր՝ սեպտեմբերի 27-ից, կարելի է կռահել ժամանակակից կանոնավոր բանակների կողմից իրար դեմ կիրառվող զենքերի զանգվածային ավերիչ ուժը»,- նշվում է հոդվածում։
Հեղինակի խոսքերով՝ կործանիչների և հեռահար հրթիռային համակարգերի կողքին ԱԹՍ-ների կիրառումը փոխում է պատերազմի ընթացքը։ Նշվում է, որ Ադրբեջանը դրանք արդեն իսկ կիրառել է 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ և մի քանի հեկտար հող գրավել։
«ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այն ժամանակ կիրառվել են Harop տեսակի հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք, որպես անօդաչու կամիկաձե հրթիռներ, որևէ տարածքի վրա պտույտներ են գործում, ապա հարվածում թիրախին։ Դրանք արտադրվում են իսրայելական Israel Aerospace Industries ընկերության կողմից։ 2016 թվականի ապրիլի 4-ին այդ ԱԹՍ-ներից մեկը խոցել է հայ զինվորներին տեղափոխող ավտոբուսը, որի արդյունքում շատերը զոհվել են։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը այն ժամանակ նաև պնդում էին, որ խոցել են իսրայելական արտադրության ThunderB տիպի հետախուզական ԱԹՍ»,- գրում է լրատվականը։
Գերմանացի լրագրողը հիշատակում է նաև 2020 թվականի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային բախումները՝ նշելով, որ այդ ժամանակ ևս ակնհայտորեն օգտագործվել են մեծ քանակի ԱԹՍ-ներ։
«Jerusalem Post-ը իր զեկույցներից մեկում Harop տեսակի հետախուզական ԱԹՍ-ների կողքին թվում է նաև իսրայելական Aeronautics ընկերության Aerostar, Orbiter 1k և Orbiter տեսակները։ Orbiter 1k կամիկաձե դրոնը Ադրբեջանն արտադրում է արտոնագրով։ Բացի այդ, ցանկում են SkyStriker, ինչպես նաև Elbit Systems ընկերության Hermes 450 և Hermes 900 իսրայելական հետախուզական դրոնները։
Հունիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր նաև թուրքական Bayraktar տեսակի դրոնների գնման մասին։ Թեև դրանք Ադրբեջան առաքելու մասին պաշտոնական որևէ հաղորդում չի եղել, փորձագետները մատնացույց են անում Ադրբեջանի պաշտպանության նախարարության ֆոտոնյութերը»,- հայտնում է լրատվականը։
Ռուսաստանը արտոնյալ գնով Հայաստանին է մատակարարում Ptero ընկերության E5 ԱԹՍ-ներ։
Հեղինակը նշում է, որ նախորդ շաբաթներին հայկական զինված ուժերը Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի հետ զորավարժություններ են անցկացրել։ Ըստ ռուսական աղբյուրների՝ զորավարժությունների արդյունքում հայկական ուժերը հմտացել են ԱԹՍ-ների ճանաչման ու խոցման գործում։ ՀՕՊ ԶԻԿ-23-4 զենիթային համակարգը 1500 մետր բարձրության և մինչև 2500 մետր հեռավորության վրա դրոններ է ոչնչացրել։ Բացի այդ, օգտագործվել են խլացուցիչներ։
Հեղինակն ընդգծում է, որ մինչ այժմ քիչ բան է հայտնի Չինաստանի հետ Հայաստանի ռազմական համագործակցության, զենքի վաճառքի և ռազմական օգնության մասին։ Ըստ հայկական աղբյուրների՝ Հայաստանը 2011 թվականից արտադրում է դրոններ։ Դրանք ցուցադրվել են նույն թվականին Երևանում կայացած զորահանդեսի ժամանակ, ինչպես նաև 2015 թվականի ապրիլին։ Հեղինակը կարծում է, որ դրանք տեխնիկապես զիջում են իսրայելական արտադրության ԱԹՍ-ներին։ Հոդվածի վերջում հեղինակն իր մտահոգությունն է հայտնում պատերազմական գործողությունների ընդլայնմամբ՝ նշելով, որ այն կարող է մարդկային նոր կորուստների պատճառ հանդիսանալ։
Լուսանկարը՝ dronewars.net-ից
Լուսինե Վարդանյան
Հետք Մեդիա Գործարանի ուսանող
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել