HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Ադրբեջանի հետ հակամարտությունը վերածվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Sky News հեռուստաալիքին: Կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցից որոշ հատվածներ.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար Ադրբեջանի հետ հակամարտությունը, ըստ էության, վերածվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի:

Բախվելով անլուծելի խնդրի, որը ծագել է իր պաշտոնավարման տարիներից շատ առաջ, և վկայակոչելով սիրիացի վարձկանների մասին լուրերը՝ պարոն Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության այս վերջին սրացումը համարում է քաղաքակրթական խնդիր:

Նիկոլ Փաշինյանը Sky News-ին ասաց. «Նախ, Թուրքիան ուղղակիորեն և ամբողջովին ներգրավվել է հակամարտության մեջ՝ հրահրելով և բորբոքելով այն»: Թուրքիան Սիրիայի տարածքից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել հակամարտության գոտի, ինչը փոխում է ամբողջ համատեքստը: Նա հավելեց. «Ըստ էության, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պայքարը միջազգային ահաբեկչության դեմ»:

Պարոն Փաշինյանը նաև մեղադրում է Թուրքիային Ադրբեջանին սատարելու մեջ՝ «հայերի դեմ ցեղասպան քաղաքականություն վարելու և այդ երկրի ծավալապաշտական նկրտումները զարգացնելու համար»: Նա ասաց. «Եկեք նայենք, թե ինչ է անում Թուրքիան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Ինձ համար կասկած չկա, որ սա Հայոց ցեղասպանությունը շարունակելու և թուրքական կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է»:

ՀՀ վարչապետը կրկնեց իր բանակցային դիրքորոշումը, այն է՝ ցանկացած խաղաղ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Թուրքիայի ներկայիս կեցվածքը նոր հարթություն է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այդուամենայնիվ, այն շարունակում է մնալ որպես տարածքային վեճ, որը չի կարգավորվել Հայաստանի նախորդ կառավարությունների և հայր ու որդի Ալիևների դինաստիայի կողմից:

Չնայած հրադադարի ռեժիմի միջազգային կոչերին, մենք ականատեսն ենք ահագնացող բռնության, ինչն արդեն իսկ հանգեցրել է քաղաքացիական անձանց մեծաթիվ կորուստների»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter