
Լրագրողները ներխուժում են քաղաքական դաշտ. Գայանե Առուստամյանն էլ առաջադրվեց
Այսօր Ավանի թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողով պատգամավորության թեկնածու է առաջադրվել «Ա1+»-ի լրագրող, ՀԱԿ-ի համակիր Գայանե Առուստամյանը: Այդ ընտրատարածքում այսօր առաջադրվելեւ են նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:
Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում է առաջադրվել նաեւ «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Ինչպես հայտնի է, «Առավոտ» օրաթերթի արդեն նախկին լրագրող Մարգարիտ Եսայանն էլ ընդգրկված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում:
Քանի որ այսօր առաջադրումների վերջին օրն է, չի բացառվում, որ մինչեւ օրվա ավարտը այլ լրագրողներ նույնպես առաջադրման փաստաթղթեր ներկայացնեն:
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքն ուրախ է լրագրողների առաջադրման փաստով:
«Բացասական ոչ մի հետեւանք չի կարող ունենալ լրագրողների առաջադրումը, իսկ լավ է նրանով, որ խորհրդարանում առավելապես տառաճանաչ մարդիկ գոնե կլինեն: Նույն լրագրողներն ավելի լավ գիտեն օրենսդրությունը, նախաձեռնությունն ու օրենքի նախագծերն ավելի լավ են լուսաբանում, քան վերջին 10-15 տարվա պատգամավորները»,-ասաց Կարեն Քոչարյանը:
Ինչ վերաբերում է համամասնական ցուցակներին, ապա, քաղտեխնոլոգի ասելով, ինքն ավելի լավն էր սպասում: «Ցուցակներից հետո ես բավականին հիասթափվել եմ, որովհետեւ 2 տարի խոսեցին, այդ թվում իշխանական թեւերը, որ պետք է խորհրդարանը երիտասարդացվի, այնտեղ չգան գործարարները եւ այլն, ստացվեց այնպես, որ գրեթե նույն վիճակը մնաց: Ավելի շատ կոսմետիկ խնդիր են լուծել»,-հավելեց Կարեն Քոչարյանը:
Մեկնաբանել