Գրիբոյեդովում հավաքում են Արցախ մեկնած համագյուղացու բերքը
Գրիշա Թամարյանի խաղողի այգում բերքահավաք է: Գրիշան Արցախում մասնակցում է ռազմական գործողություններին: Ծառայությունն անցկացնում է թեժ կետերում, իսկ նրա ընտանիքի անդամներն ու համագյուղացիներն այգու խաղողն են քաղում, որ հանձնեն գործարաններին:
Այգում աշխատանքները համակարգում էր Գրիշայի հայրը՝ 68-ամյա Բորիս Թամարյանը: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է: Ասում է՝ երբ որդին տանն էր, ինքը հողի հետ գործ չի ունեցել, տնից դուրս չի եկել, բայց այսօր ստիպված է, որպեսզի զինվորները հանգիստ կռվեն:
«Ազնվությամբ եմ ասում, հպարտությամբ եմ տղայիս ճանապարհել Արցախ: Հնարավոր է նաև նրա համար, որ իմ նախնիներն էլ են եղել Ղարաբաղից, որով միշտ հպարտացել եմ: Վաղը ուրիշ տեղի համար էլ պետք լինի, էլի թող գնա»,- ասում է Բորիս Թամարյանը:
Ինքն էլ է ցանկանում Արցախ գնալ, թեև շարժվելու դժվարություն ունի: Ասում է, թե կարող է կարտոֆիլ մաքրել, հողային աշխատանքներ անել, միայն թե երիտասարդների կողքին լինի: Սակայն չեն տանում:
«Այսօրվա երիտասարդների հայրենասիրությունն ուրիշ է, տարբերվում են նույնիսկ 1990-ականների երիտասարդներից: Դա բառերով չես ասի, ասելու համար հարմար բառ էլ չկա: 18 տարեկան տղերք կան, այնքան հասուն են, այնքան նվիրված, որ մարդ զարմանում է»,-ասում է Բորիս Թամարյանը:
Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում այգում աշխատանքները եռում էին: Երբ լռություն էր տիրում, Բորիս պապը կատակներ էր անում, որ մարդիկ չծանրաբեռնվեին մտքերով: «Այ տղա, դու ինչի՞ չես թրաշվում: Վաղը դու էլ ես գնալու սահման, ընդեղ քեզ կշփոթեն վարձկանի հետ, կամ էլ ազերիները քեզ հետը կտանեն, կիմանան իրանցից ես»,-կատակում էին խաղող հավաքողները:
Բորիս Թամարյանն ամեն օր պարտադիր հետևում է լուրերին, սակայն դրանք վերլուծում է՝ օգտագործելով պատմության իր գիտելիքները:
«Արցախի հարցը միայն կռվով պետք է լուծվի, բանակցություններով երբեք այդ հարցը չի լուծվի: Թուրքն այսօր ուզում է Հայաստանը վերացնի, մի բուռ երկիրը վերացնի, ի՞նչ բանակցություն: Պատերազմն առանց զոհերի չի լինում: Ով նման բան է մտածում, սխալվում է: Երկու կողմից շրջապատված ենք ագրեսոր հարևաններով, չի կարող, նման բան չի լինում: Նման բան ասողը կամ պետք է համբուրի նույն թուրքի ձեռքը, հպատակվի, իսկ եթե ուզում է որպես հայ ապրի, մաքուր ապրի, իր աղջկան կնության տա հային, այլ ոչ թե թշնամուն, պիտի պայքարի»,-ասում է Բորիս Թամարյանը:
Դույլերի ձայնի դադարի արանքում այգու մյուս հատվածից կանանց ձայներ լսվեցին: Ծառերի տակ ընդմիջման պատրաստություն էին տեսնում: Կանայք այգում պատրաստված սեղանին ափսեներն ու բաժակներն էին շարում, երեխաները՝ հյութերը տեղափոխում: Տղամարդիկ նաև պարտադիր օղի էին խմելու՝ բարի ծառայություն մաղթելով զինվորներին ու սահմանապահներին:
Ինչպես Գրիշա Թամարյանի, այնպես էլ մյուսների խաղողի բերքն այս տարի շատ է: Իրացման դժվարություններ են առաջանում: Բորիս Թամարյանն ասաց, որ մոտ 20 տոննա բերք են հավաքելու, սակայն գործարանն ասել է, որ առավելագույնը 8.5 տոննա կարող է ընդունել:
«Լավ, բա մնացածն ի՞նչ անեմ: Եթե տանող գա, անհատույց տալիս եմ, թող տանեն Արցախ»,-հավելեց Բորիս Թամարյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել