«էրեբունի» հիվանդանոցի գործով կսկսվի նոր դատաքննություն
Մայիսի 16-ին` ժամը 11:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վ. Գրիգորյան) տեղի կունենա քրեական գործով տուժողի իրավահաջորդ Գեորգի Մկրտչյանի բողոքի նոր քննությունը:
Տուժողի կինը 2008 թ. օգոստոսի 1-ին ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ 2008 թ. օգոստոսի 2-ին մահացել է: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում 2009 թ. մայիսի 19-ին հարուցվել է քրեական գործ` ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է հիվանդի մահ:
«Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքներով ստացվել են իրարամերժ եզրակացություններ մահվան պատճառի վերաբերյալ, ընդ որում` վերջին, ըստ նախաքննական մարմնի արժանահավատ եզրակացությունը տվել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով ձևավորված հանձնաժողովը: Այս հանգամանքն արդեն իսկ կասկածի տակ է դնում եզրակացության օբյեկտիվությունը, հաշվի առնելով նախարարի անմիջական առնչությունն «էրեբունի» Բ/Կ-ին»,- հայտնում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, որն իրականացնում է տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանությունը:
2009 թ. դեկտեմբերի 19-ին քննիչի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ե. Եսոյան) 2010 թ. հուլիսի 15-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր Ա. Պետրոսյան)
2010 թ. սեպտեմբերի 16-ի որոշումներով վարույթը կարճելու մասին որոշման դեմ բերված բողոքը մերժվել է:
ՀՀ Վճռաբեկ դատարանը 2010 թ. դեկտեմբերի 23-ին բավարարել է Գ. Մկրտչյանի բողոքը և գործն ուղարկել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել