Հայաստանի շախմատի հավաքականը բոյկոտել է Հնդկաստանի հետ երկրորդ մրցախաղը
Շախմատի ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստանի հավաքականն ի նշան բողոքի բոյկոտել է Հնդկաստանի հետ երկրորդ մրցախաղը։
Պատճառն այն է, որ օնլայն Օլիմպիադայի 1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Հնդկաստանի ընտրանին, 2,5 - 2,5 հաշվի ժամանակ մրցաշարի հարթակ հանդիսացող Chess.com կայքում առաջացավ տեխնիկական խնդիր, որի պատճառով Հայկ Մարտիրոսյանի կատարված քայլը չգրանցվեց և նրան գրանցվեց պարտություն:
Դիրքը, որի ընթացքում սպառվեց նրա ժամանակը, ամբողջովին հավասար էր և ավարտվելու էր ոչ-ոքի: Հայաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես բողոքարկեց որոշումը, սակայն, շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, ՖԻԴԵ-ն մերժեց բողոքը, որի արդյունքում Հայաստանի հավաքականն առաջին մրցախաղում պարտվեց: Նշենք, որ ֆեդերացիայի տեխնիկական մասնագետները ապացուցեցին, որ Հայաստանի հավաքականի մոտ մրցախաղի ամբողջ ընթացքում եղել է ինտերնետ հասանելիություն, Հայկ Մարտիրոսյանը միացված է եղել Zoom տեսազանգին և, եթե խնդիրը լիներ ինտերնետի բացակայությունը մեր կողմում, ապա նա չէր գտնվի նաև Zoom տեսազանգի տիրույթում: Մեր տեխնիկական մասնագետները նշեցին նաև, որ ֆեդերացիան ունի երկու ինտերնետ կապի հասանելիության գիծ և, եթե մեկ գիծը խափանվում է, անմիջապես միանում է մյուսը, և այդ դեպքում փոխվում է IP հասցեն:
Chess.com կայքը հաստատեց, որ IP հասցեի փոփոխություն չի եղել, Հայկ Մարտիրոսյանը միշտ ունեցել է համացանցի հասանելիություն, սակայն, իրենց համար անհասկանալի պատճառով, նրա քայլերը չեն գրանցվել: Մեր փաստարկներին չներկայացնելով որևէ իրական հակափաստարկ՝ ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի բողոքը: Հայաստանի հավաքականի անդամներն այն համոզմանն էին, որ կայացված որոշումն ակնհայտ անարդար է, և նման պայմաններում մեր թիմը չի կարող շարունակել հետագա մասնակցությունը մրցաշարին:
Թիմը որոշեց բոյկոտել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղը: Հայաստանի շախմատի ֆեդերացիան մրցաշարի հարթակ հանդիսացող chess.com կայքից պահանջել է կայքի ծանրաբեռնվածության հետ կապված որոշակի տվյալներ, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել