«Մեր ժողովուրդը կարոտ է դրական իմպուլսների»
Հարցազրույց ՀՀ շախմատի ակադեմիայի նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ
- Ինչով՞ եք բացատրում Հայաստանի այս տարվա աննախադեպ հաջողությունները:
- Իրոք, որ այս տարին շատ բեղմնավոր էր եւ հաջողություններով լի: Դա նախեւառաջ Թուրինում մեր ազգային հավաքականի աշխարհի չեմպիոն օծվելն էր, հոկտեմբերին Եվրոպայի կանանց ակումբային առաջնությունում մեր «Միկա» ակումբի չեմպիոն դառնալը, ինչպես նաեւ ոչ պակաս կարեւոր' նույն հոկտեմբերին Երեւանում անցկացվող պատանիների աշխարհի առաջնությունում մեր Զավեն Անդրեասյանի' աշխարհի չեմպիոն դառնալը: Զավենը երրորդ հայ աշխարհի պատանի չեմպիոնն էր Վլադիմիր Հակոբյանից եւ Լեւոն Արոնյանից հետո: Ուշագրավ է, որ 17-ամյա Զավենը ուժեղագույնը ճանաչվեց 20 տարեկանների մրցաշարում: Վերադառնալով Թուրինի հաջողությանը' պիտի ասեմ, որ չնայած շատերի համար այդ հաղթանակն անսպասելի էր, սակայն մենք' հավաքականի անդամներս, մեկնելով Իտալիա' հավատում էինք մեր ուժերին, մեր ապագա հաղթանակին: Չէ՞ որ նախորդ օլիմպիադաներում մենք եւս մրցանակային տեղեր էինք գրավել, ուրեմն եւ կարող էինք ակնկալել էլ ավելի մեծ նվաճումներ:
Թիմային հաղթանակի համար անհրաժեշտ է, որ անձի նշանակությունը իրեն զգացնել չտա, հակառակը' որոշիչ լինի թիմային ընդհանուր մտածողությունը, միասնական նպատակը, համախմբվածությունը եւ բարձր կազմակերպվածությունը: Իհարկե, այս ամենի հետ պետք է թիմի բոլոր առանձին անդամները լինեն բարձրակարգ խաղացողներ, լինի բարձրակարգ մարզիչ եւ առողջ բարոյա-հոգեբանական մթնոլորտ: Բոլոր այս գործոններն առկա էին մեր թիմում: Եվ հետո, մեր հաղթանակում որոշիչ դեր խաղաց մի կարեւոր հանգամանք: Սպորտում, եւ մասնավորապես' շախմատում, գործում է մի հայտնի սկզբունք. եթե համադրված են երեք կարեւոր գործոններ' ճիշտ ներդրումները, հետեւողական աշխատանքը եւ առողջ միջավայրը, դրական արդյունք անպայման լինում է: Իսկ մեր շախմատում այս երեք գործոններն այսօր հնարավոր եղավ համադրել, ահա եւ արդյունքը իրեն սպասեցնել չտվեց:
- Իսկ չկայի՞ն խոչընդոտող գործոններ, կողմնապահություն, չէ՞ որ միշտ էլ սպորտում փորձ է արվում նախապատվությունը տալ քաղաքական ու տնտեսական առումով առավել հզոր երկրներին, որոնց շարքում, իհարկե, Հայաստանին չես դնի:
- Ասվածն ընդունելի է այլ մարզաձեւերի համար, ասենք' ֆոտբոլի, որն առավել քաղաքականացված մարզաձեւ է, որտեղ մեծ փողեր ու մեծ շահեր կան: Ինչ վերաբերում է շախմատին, ապա մեր մարզաձեւին առաջին հերթին բնորոշ է ազնվությունը, այստեղ ինչ որ կատարվում է, կատարվում է տախտակի վրա, արտաքին գործոները գրեթե ազդեցություն գործել չեն կարող, մրցավարից շատ քիչ բան է կախված, կողմնապահությունը լիովին բացառվում է: Ահա եւ ստացվում է, որ հաղթել կարող է միայն ուժեղագույնը, եւ մենք էլ վստահ էինք, որ մեզ խանգարել չեն կարող:
- Հաղթանակին հաջորդած համազգային ոգեւորությունը, ենթադրվելիք միջոցառումները' բովանդակային եւ քանակական առումով, համապատասխանու՞մ էին այդ հաղթանակի իրական արժեքին:
- Այդ հաջողությունը մեծ հոգեբանական լիցք հաղորդեց մեզ' հայերիս: Թե՛ Հայաստանում, եւ թե՛ դրսում ապրող հայերի համար դա ազգային հպարտության դրսեւորման լավագույն առիթ էր, նաեւ' ազգին միավորելու լուրջ գործոն: Վստահ եմ, որ հենց նման պահերն են, որ պետք է լավագույնս օգտագործել ազգային համախմբման, ազգի ինքնագիտակցմանն ուղղված գործընթացներում, իսկ այն մարմինները, որոնք կոչված են այդ գործընթացներն ապահովելու, պետք է աչքաթող չանեն իրենց ընձեռված նման հնարավորությունները: Մասնավորապես, կարող էին ավելի ակտիվ լինել լրատվամիջոցները, ասենք' Հ1-ը կարող էր հաղորդաշար պատրաստել, ինչը, ավաղ, չարվեց: Ես ասում եմ «ավաղ» մեր ժողովրդի համար, այլ ոչ թե մեր, քանի որ հաղթանակն իրենց էր պետք, այլ ոչ թե մեզ:
Սակայն ես չէի ասի, թե, ընդհանուր առմամբ, համընդհանուր ոգեւորությունը չէր համապատասխանում մեր հաղթանակի արժեքին: Օրինակ' անհնար է մոռանալ այն խանդավառությունը, որով մեզ դիմավորում էին Հայաստանի մարզեր այցելելիս: Բոլոր տեղերում էլ լեփ-լեցուն դահլիճներ էին, համընդհանուր բարձր հետաքրքրվածություն ու ոգեւորություն: Նույն բանը չեղավ Երեւանում, այդ իսկ պատճառով էլ երեւանցու մոտ ստեղծվում է այն տպավորությունը, թե հաղթանակից հետո «մեզ շատ արագ մոռացան»: Պատճառը, կարծում եմ, պետք է փնտրել միայն մասշտաբների եւ դրանից բխող կազմակերպչական խնդիրների մեջ. Երեւանում նման բան կազմակերպելը շատ ավելի բարդ կլիներ, եւ չես կարող ասել, թե ինչ արդյունք կունենար:
- Իսկ ինչպե՞ս կգնհատեիք մեր ազգային ֆուտբոլում ներկայումս տիրող իրավիճակը: Արդյոք այս ոլորտում մենք գործ չունե՞նք դժգույն արդյունքից աստիճանաբար բխող համազգային անտարբերության հետ:
- Ավաղ, ֆուտբոլում մեզ չհաջողվեց պահպանել այն ավանդույթները, այն պոտենցիալը, որ մենք ժամանակին ունեինք: Ֆուտբոլը մեծ ներդրումներ է պահանջում, այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան շախմատում: Ճիշտ է, շախմատում էլ մենք շատ կորուստներ ունեցանք, բայց հիմնական ներուժը հաջողվեց պահպանել, իսկ այդ ներուժը հիմնականում պայմանավորված էր ազգային եւ անձնական հատկանիշներով: Այնուամենայնիվ, ֆուտբոլում դեռ ամեն ինչ անհույս կորած չէ: Մեր ժողովուրդը կարոտ է դրական իմպուլսների, եւ բավական է, որ լինեն հաջողությունները, եւ համազգային հետաքրքրվածությունը նորից իրեն զգացնել կտա: Ես հիշում եմ, մի քանի տարի առաջ էր, երբ մեր ազգային հավաքականը խաղում էր Իսպանիայի ազգային հավաքականի հետ' նրա դաշտում: Չնայած, ի վերջո, մերոնք պարտվեցին, բայց ցուցադրեցին որակյալ, դիտարժան խաղ, եւ հաջորդ օրը հիշում եմ, թե իմ շրջապատում ինչպես էին շատերը ոգեւորված քննարկում այդ խաղը, բոլորի մոտ հույս էր ծագել, որ դա նոր որակների դրսեւորում է: Այդպես էլ հիմա կլինի: Ուղղակի պետք է լուրջ, պրոֆեսիոնալ եւ համակարգված մոտեցում ցուցաբերել եւ գործի դնել վերը նշված երեք կարեւոր գործոնների համադրումը: Հերիք է, որ մեր ֆուտբոլում սկսեն հաղթանակները, եւ հասարակական վերաբերմունքն էլ միանգամից կփոխվի:
- Մեր զրույցի վերջում, քանի որ ամփոփում ենք անցնող տարին եւ սպասումներով մտնում նոր տարին, կխնդրեի, որ հաջորդ տարվա համար մաղթանքներ հղեիք մեր ժողովրդին:
- Նախեւառաջ կցանկանայի, որ ապրեինք խաղաղության եւ միասնության մեջ, որ մեր ազգին բնորոշ իմաստությունը օգտագործենք լավը փնտրել-գտնելու, իսկ գտնելուց հետո էլ' այն պահպանելու ուղղությամբ: Թե չէ, ինչքան արժեքներ այդպես էլ չենք կարողացել պահպանել:
Կցանկանայի նաեւ, որ յուրաքանչյուրս ուրախանար իր հողի վրա ապրելու փաստով: Նաեւ հիշելով, որ հաջորդ տարին մեզ մոտ խոստանում է բավական բարդ ու լարված լինել' կապված քաղաքական ընտրությունների հետ, շատ կցանկանայի, որ քաղաքական թոհուբոհերը, խաղերը ոչ մի կեպ բացասական ազդեցություն չունենային մեր հասարակության վրա: Եվ թող որ այդ ընտրություններում, եւ ինչու ոչ' ընդհանրապես մեր կյանքի բոլոր բնագավառներում, գերիշխի մեր շախմատի ամենակարեւոր սկզբունքը' ազնվությունը: Կցանկանայի նաեւ, որ մեր մյուս մարզաձեւերը եւ, մասնավորապես, ամենասիրվածը' ֆուտբոլը, հետեւեին մեր շախմատի օրինակին: Թող որ մեր ֆուտբոլի ազգային հավաքականը հաջորդ տարի վերջապես գոլ խփի, ինչը չհաջողվեց անել ամբողջ այս տարվա ընթացքում, սկսի ուրախացնել մեզ իր հաղթանակներով:
Հարցազրույցը' Լեւոն Գեւորգյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել