
Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի` ՀՀԿ-ն կանանցից «ջոկել» է Շուշան Պետրոսյանին
«Ես համամասնական ցուցակում կամ, իհարկե չկարողացա հաշվել, մոտավորապես 100 կամ 102 տեղում եմ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:
Ըստ պատգամավորին` ինքը ՀՀԿ-ից նեղացած չէ եւ կուսակցության հետ որեւէ խնդիր չունի: «Այդ ցուցակի մեջ մտնում են նախարարներ, մարզպետներ, ռեկտորներ, բազմաթիվ այլ մարդիկ, որոնք զբաղեցնում են պաշտոններ: Ընտրություններից հետո, եթե նրանք մնան իրենց պաշտոններում, թեեւ ոչ 100 տոկոսով, ցուցակի կեսից ավելին դուրս է գալիս: Հույս ունեմ, որ հանրապետական կուսակցությունը կնվաճի գոնե նախորդ ընտրությունների չափի` 54 մանդատ, թեկուզ 50 նվաճի, ապա իմ տեղը համարվում է անցողիկ»,-ավելացրեց Ռաֆիկ Պետրոսյանը:
Պատգամավորի հաշվարկներով, այս ընտրություններին ՀՀԿ-ն մինչեւ 40 տոկոս ձայն կստանա:
Ռաֆիկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք` արդյոք ՀՀԿ-ն ունե՞ր երգչուհի Շուշան Պետրոսյանի կամ գեներալ Մանվել Գրիգորյանի կարիքը, ովքեր հայտնվել են համամասնական ցուցակի առաջին տեղերում, Ռ. Պետրոսյանն ասաց, որ «կանանց հարցը բարդ է», քանի որ կուսակցություը յուրաքանչյուր տասնյակում պետք է մեկ կին թեկնածու ունենա, եւ քանի որ հասարակական ակտիվ կյանքով զբաղվող կանայք քիչ են, ուստի կուսակցությունը «ջոկել է կանանց» եւ Շուշան Պետրոսյանի առումով արտառոց որեւէ բան չկա:
«Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, նա երկրապահների ղեկավարն է, ծառայել է երկրին, կռվել է ղարաբաղյան պատերազմում շատ ակտիվ, եւ կարող է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում որոշակի հարցեր լուծել, երկրի որոշակի պաշտպանության հարցերով զբաղվել»,-ավելացրեց Ռաֆիկ Պետրոսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել