HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյան. երեւանյան հյուրախաղեր, փարիզյան մտորումներ

Արդեն որերորդ տարին է' Վարդան Պետրոսյանը Փարիզից հայտնվում է Երեւանում, որպես կանոն' հետաքրքիր ու ինքնատիպ մի շտրիխ հաղորդում մեր մշակութային թատերական կյանքում, ու հեռանում' հաջորդ տարի անպայման վերադառնալու սպասման մեջ թողնելով իր բազմահազար երկրպագուներին, որոնցից վաղուց արդեն ձեւավորվել է հենց ի՛ր հանդիսատեսը:

Այս տարի նա մի փոքր արտասովոր «ռեժիմով» էր Երեւանում' ոչ թե կարճատեւ, ամառային տապին ներկայացումները հապճեպ խաղալու ու շտապ Փարիզ վերադառնալու արդեն սովորական դարձած ձեւով, այլ մեզ հետ մնաց մինչեւ տարեվերջ:

Սկզբում իր հեղինակային «Ինչ անել»-ը մեզ ներկայացրեց' մի քիչ տխուր, մի քիչ ծիծաղելի սքեթչը, որում թե՛ ինքն է անվերջ խորհում այդ հավերժ հարցի շուրջ, թե՛ մեզ խորհելու տեղ թողնում, հետո մի փոքր ընդմիջում տվեց ու «Համլետ» խաղաց Հրանտ Ղազանչյանի յուրօրինակ մտահղացման մեջ, հիմա էլ ամանորյա իր անակնկալն է պատրաստում:

- Վարդան, ե՛կ մի փոքր պատմական էքսկուրս անենք եւ փորձենք վերհիշել-վերագնահատել քո այս գրեթե 15-ամյա «մասնատումը» Փարիզի եւ Երեւանի միջեւ: Ինչպե՞ս են փարիզյան հեռուները անդրադառնում Հայաստանում տեղի ունեցող անցուդարձի' քո կողմից ընկալման վրա:

- Հաճախ եմ Փարիզում գտնվածս ժամանակ ինքս ինձ հիշեցրել Լենինին' Ռազլիվում նստած հեղաշրջում նախագծելիս: Երբեմն հեռուներից ավելի ճիշտ ու հեշտ է շատ երեւույթների վերլուծություններն ու դրանց լուծումները գտնելը: Փարիզում ես պետք է նոր որակներ հաղորդեի այն ամենին, ինչն արդեն սկսվել էր Երեւանում: Նոր մթնոլորտ էր, նոր աշխարհայացք, նոր մոտեցումներ ու ճաշակներ: Կար որոշակի ասելիքը, մատուցման ձեւը, մտահղացումները, դրանք պիտի այդ նորի մեջ ինքնահաստատվեին: 1992-ից' այն պահից, երբ հանգամանքների բերումով հայտնվեցի աշխարհի այդ մշակութային մայրաքաղաքում, ուր խաչվում են հոգեւոր-մշակութային ուղղություններն ու ավանդույթները, եւ որոշեցի շրջադարձային փոխել կյանքս, նոր որակների փնտրտուքն ու այդ որակական չափանիշներին հարմարվելը, երկու տարբեր մտածողությունների ու մշակույթների մեջ քո լավագույն ու տեղին ասելիքը գտնելը, ճիշտ ձեւի մեջ մատուցելը իմ «եսի» ամենաորոշիչ մասն են դարձել:

- Գիտեմ, որ վաղուց խաղում ես Ռոբեր Օսեյնի մոտ, ինչպե՞ս ծանոթացաք նրա հետ եւ ինչպիսի՞ն են քո եւ նրա ստեղծագործական բնույթի փոխհարաբերությունները:

- Փարիզում գտնվածս առաջին' հոգեբանորեն ամենադժվար ամիսներն էին, երբ ինտենսիվ ֆրանսերեն էի սերտում եւ ուղեղս էլ միայն գերլարված էր «արեւի տակ տեղս գտնելու» խնդրով: Իմացա, որ Օսեյնը թատերախումբ է հավաքում. մոտ 300 դերասաններից պիտի ընտրեր 60-ին: Այդ 60-ի մեջ հայտնվեցի նաեւ ես, եւ երեւի թե դրանում «աստղը բռնելու» պահ էլ կար: Նախ զարմացավ, որ ընդամենը 8 ամսում կարողացել եմ ֆրանսերենին տիրապետել, հետո չթաքցրեց, որ համակրում է հայերին, ինքն էլ պարսիկի ու ռուսի խառնուրդ է, եւ միգուցե ծագումն էլ իր դերը խաղաց: Երկար ժամանակ խաղում էի նրա «Մարիա Անտուանեթ» բեմադրության մեջ' «մասովկայում», անգամ եղավ պահ, երբ հինգ ամիս գրեթե ամեն օր այդ ներկայացումը խաղացինք: Շատ հետաքրքիր է նման ռեժիսորի մոտ աշխատելը, սակայն իմ տարերքը շարունակում էր մնալ էքսպրոմտը, հանդիսատեսի հետ ակտիվ, անմիջական շփումը, հիմա մի մոդայիկ բառ կա չէ՞' ինտերակտիվ: Հետո դուրս եկա նրա մոտից եւ սկսեցի մենակ հանդես գալ: Խաղում էի միայնակ' մեկ մարդու շոու. սկզբունքը շատ պարզ էր եւ իմ համար հոգեհարազատ' ինքս գրում էի սցենարը, ինքս փնտրում, համապատասխան բեմահարթակն ընտրում, ինքս պայմանագիր կնքում, ինքս էլ, բնականաբար, խաղում: Այս ընթացքում խաղացել եմ ամենատարբեր թատերաբեմերում, տարբեր թատերախմբերի հետ, հիմա թիվը հիշել չեմ կարող: 2003-ին հաջողվեց իմ մոնոներկայացմամբ հանդես գալ Մարինյի թատրոնում, որը ավանդաբար համարվում է փարիզյան ամենահեղինակավոր թատրոններից մեկը: Սակայն Օսեյնի հետ իմ գործնական կապերը չեն ընդհատվել, ժամանակ առ ժամանակ նաեւ խաղում էի նրա մոտ:

- Որտե՞ղ ես դու քո ասելիքով ավելի հասկացված ու ընկալելի' Փարիզու՞մ, թե՞ Երեւանում:

- Իհարկե, Երեւանում: Փարիզում ամեն ինչ չէ, որ կարող եմ խորքային ասել, ներկայացնել: Ֆրանսիացին իմ արյունակիցը չէ, նա ամեն ինչ հասկանալ ու զգալ չի կարող: Մենք տարբեր հոգեվիճակներում, տարբեր պրոբլեմային դաշտերում ենք: Այստեղ բոլորովին այլ է, իմ հանդիսատեսը լիովին ընկալում է իմ ասելիքը, զգում ամեն մի նրբություն:

- Երբեւէ չե՞ս մտածում այն մասին, որ Երեւանում մնալը ստեղծագործական առումով ավելի հետաքրքիր կլինի քեզ համար, քո լսարանի հետ մշտապես հաղորդակցվելու ավելի մեծ հնարավորություններ կտա:

- Երեւանում ստեղծագործելու համար թեմաները, իմպուլսները շատ են, բայց դրա հետ էլ ձեւերի, մեկնաբանությունների առումով Փարիզն ինձ շատ բան է տալիս, ինչը ես այստեղ ստանալ չեմ կարող: Եթե Փարիզ չգնայի, այստեղ ես շատ շուտ կսպառվեի, այնտեղ գտնվելով, շփվելով ամենատարբեր մշակութային ուղղությունների եւ հոսանքների հետ' ես կարողանում եմ շատ բան վերցնել: Մի խոսքով, կարելի է ասել, որ ներշնչվում եմ Երեւանից, բայց աշխարհի հետ հաղորդակցվում եմ Փարիզում:

- Ինչպե՞ս եղավ, որ այս տարի Երեւանում մնացիր ոչ քո համար արդեն սովորական դարձած «ամառային» ռեժիմով, միանգամից քո հանդիսատեսի առջեւ երեք նոր «կարգավիճակներով» հանդես գալով, նախապե՞ս էր պլանավորված, թե՞ որոշումը բխեց արդեն այստեղ ստեղծված իրավիճակից կամ չնախատեսված առաջարկներից:

- Դեռեւս այս գարնանը Փարիզում ստիպված էի հրաժարվել մի այնպիսի գայթակղիչ ծրագրից, ինչպիսին Ռոբեր Օսեյնի առաջարկած լայնամասշտաբ պատմական բեմադրության մեջ հանդես գալն էր: Նման գայթակղությունից կարելի է հրաժարվել միայն այն ժամանակ, երբ փոխարենը կա մեկ այլ բան, որը քեզ համար շատ ավելի արժեքավոր է, ավելի հոգեհարազատ, ավելի սպասված: Դե, ուրեմն, եթե գալիս եմ Երեւան ու ձեռքիցս բաց թողնում նման առաջարկ, պետք է Երեւանում շատ ավելի հագեցած եւ արդյունավետ ստեղծագործական հեռանկարներ լինեն: Արդեն կար «Ինչ անել»-ի գաղափարը, որը ընդմիջումներով բավական երկար խաղացի: Հակոբ Ղազանչյանը զանգել էր Փարիզ եւ ներկայացրել բեմական իր նոր գաղափարը, ինչը նույնպես ինձ շատ հետաքրքրեց թե՛ իր նորարարությամբ (տարբեր երկրներից հրավիրված դերասաններից յուրաքանչյուրը պետք է իր լեզվով խաղար), եւ թե՛ այն բանով, որ առաջին անգամ բեմից դրամատիկ դեր էի խաղալու' Շեքսպիրի Համլետին, ու սկզբում նույնիսկ մի փոքր վախ ունեի, թե ինչպես դա կընկալի հանդիսատեսը, որը սովոր է ինձ բոլորովին այլ ձեւի մեջ տեսնել:

Խիստ հագեցած ելույթներիս արանքում նույնիսկ հասցրեցի մի կարճ ժամանակով Փարիզ մեկնել, որտեղ ներկա եղա Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման արարողություններին: Այս ամենի վերջում էլ, ահա, Ամանորի նախաշեմին մի բենեֆիսով եմ պատրաստվում հանդես գալ, անվանենք այն «Բենեֆիս - 2», քանի որ մինչ այս մի անգամ ել նման մի բան ներկայացրել եմ: Կխաղամ ընդհուպ մինչեւ Նոր տարին' դեկտեմբերի վերջերը, հետո այստեղ կնշեմ Ամանորը եւ նոր միայն կվերադառնամ Փարիզ:

Հարցազրույցը' Լեւոն Գեւորգյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter