HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շոու բիզնեսի դերը տնտեսական-քաղաքական ոլորտներում

Արմեն Համբարձումյանը Հայաստանի ներկայիս մշակութային կյանքում ստանձնել է ստեղծագործ մտքի եւ շոու բիզնեսի խոհանոցի բարդ, երբեմն անցանկալի համադրությունը: Այդ համադրության արդյունքում վերջին տարիներին ծնվեցին «Խաթաբալադա» եւ «Mea Culpa» ներկայացումները, «Երեւան բլյուզ» ֆիլմը, «Մեր այբբենարանը» տեսաշարը, մի շարք այլ հեռուստատեսային ու բեմական նախագծեր, որոնց պրոդյուսերը եւ մտահղացման հեղինակը Արմեն Համբարձումյանն է:

- Որո՞նք են այն հիմնական խոչընդոտները, որոնց հանդիպում ես գաղափարի առաջանալուց մինչեւ դրա իրականացումը: Այդ իրականացումը հաշվի առնու՞մ է հանդիսատեսի օրեցօր փոփոխվող ու թարմացվող պահանջները:

- Գոյություն ունի լուրջ, խորը, ոչ միշտ եւ ոչ բոլորի համար ընկալելի արվեստ, որը չի կարող անմիջական կոմերցիոն հաջողություն ունենալ եւ, բնականաբար, չունի էլ կոմերցիոն նպատակ, սակայն այն հասարակության, միգուցե եւ հետագա սերունդների համար մեծ արժեք է ներկայացնում եւ դա է նրա առաքելությունը: Այս արվեստը անպայման ենթադրում է իր հանդեպ ուշադրություն, եւ պետք են հովանավորներ' լինեն դա անհատները, թե պետությունը: Եվ գոյություն ունի կոմերցիոն արվեստ, որը ստեղծվում է հենց շահույթ ունենալու նպատակով: Բոլորովին չթերարժեւորելով առաջինը' ես խոսելու եմ երկրորդի մասին, քանի որ դա է իմ ոլորտը:

Այսպիսով, կոմերցիոն արվեստում ամենաառաջին «խոչընդոտը», թերեւս, ճիշտ եւ կիրառելի գաղափար գտնելն է: Որպես հեղինակ' պետք է թե՛ շատ տեղեկացված, իրազեկ լինես, եւ թե՛ լիովին պատկերացում կազմես հասարակության կարծիքի եւ ճաշակի մասին, հասկանաս, թե ինչի կարիք նա հատկապես ունի: Եվ կարեւոր է, որ ծնված գաղափարն ուղղված լինի սպառողի այսօրվա պահանջին: Նաեւ էական է սոցիումի ձեւավորվածության եւ զվարճանքի հանդեպ պահանջարկի պահը: Օրինակ' պարզ է, որ 1993-ին խոսք չէր կարող լինել շոու բիզնես ձեւավորելու ու դրա պահանջարկի մասին, քանի որ այդ տարիներին միայն գոյատեւման խնդիրն էր դրված: Ընդհանուր առմամբ, այսօր Հայաստանում կարելի է ասել, որ շոու բիզնեսի սպառող հասկացությունը ձեւավորված է, բայց այն դեռ շատ հեռու է զարգացած երկրների մակարդակից:

Պատահական չէ, որ քաղաքակիրթ աշխարհում արվեստը' լինի դա կինո, թատրոն, թե երաժշտություն, «թանկ հաճույք» է: Որպեսզի արվեստը շարունակականորեն բարգագաճի, այն պետք է թանկ վաճառվի:

Այսօր արվեստագետն իր մեջ պետք է սինթեզի Շեքսպիրին ու բիզնեսմենին: Չէ՞ որ ամենահիմնական խոչընդոտներից մեկն էլ ֆինանսականն է: Ես համոզված եմ, որ ցանկացած արվեստագետ, նրա ցանկացած գործ պետք է ֆինանսական շահի վրա հիմնված լինի, հակառակ դեպքում արվեստում շարունակական հաջողությունը չի ապահովվի, արվեստագետն էլ ստիպված կլինի զբաղվել այլ գործով եւ անպայման կկորցնի իր որակները: «Խաթաբալադա»-ի բեմ բարձրանալուց արդեն անցել է ավելի քան 10 տարի, սակայն այն դեռ իր պահանջարկը չի կորցրել: Որովհետեւ թե՛ գաղափարով էր հաջողված, եւ թե՛ կոմերցիոն առումով ճիշտ հաշվարկ էր արված, ուղղվածությունը ճիշտ էր որոշված: Եվ եթե չլիներ «Խաթաբալադա»-ի այդ հաջողությունը, դրան չէին հաջորդի «Երեւան բլյուզ» ֆիլմն ու «Mea Culpa» ներկայացումը: Կարեւոր է, որ ստեղծագործողի մոտ համադրվեն պրոդյուսեր-արվեստագետ հատկանիշները:

- Ձեր մտքերից հետեւու՞մ է, որ դուք ուղիղ կապ եք տեսնում երկրի տնտեսական վիճակի ու շոու բիզնեսի կայացման մեջ:

- Բացի նրանից, որ մեզ մոտ, ընդհանուր առմամբ, սահմանափակ է սպառողական շուկան, հանրապետության մասշտաբները հաշվի առնելով' նաեւ մեծ խոչընդոտ է դառնում «ծովահենությունը»: Օրինակ' մեր «Այբբենարանի» դեպքում, հենց առաջին սերիայից հետո «ծովահենները» զգացին, թե ինչ լավ պահանջարկ ունի այն եւ ակտիվորեն գործի անցան: Ցավոք, «ծովահենության» դեմ գործնականում պայքար չկա: Հայաստանում այս հարցում բացասաբար է գործում «շուկայի ծավալի» սկզբունքը: Գոյություն ունի, այսպես ասած, «10 օրվա սկզբունքը», երբ ստեղծագործության հեղինակը մոտ 10 օրով կարող է առաջ ընկնել «ծովահենից»: Մեծ երկրներում, ասենք' Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում, հեղինակն այդ կարճ ժամանակահատվածում կարող է մեծ եկամուտներ ունենալ, մինչեւ կեղծողը կսկսի իր անօրեն գործունեությունը: Այնինչ Հայաստանի դեպքում, ցավոք, այդ կարճ ժամկետը մեզ ոչինչ չի տալիս:

- Քանի որ սոցիալ-տնտեսական ոլորտը շոշափեցինք, կարծում եմ ժամանակն է նաեւ հասկանալ, թե ինչ դեր ունի շոու բիզնեսը քաղաքական PR կոչվածում:

- Խնդիրն այն չէ, որ շոու բիզնեսը ծառայում է քաղաքականությանը: Պրոֆեսիոնալ շոու բիզնեսը հենց նրա համար է, որ ինչ-որ բանի ծառայի: Նույնն էլ պրոֆեսիոնալ արվեստագետի համար կարելի է ասել: Նրա առաքելությունն իր տաղանդը հանրային պահանջներին ծառայեցնելն է: Այդ օրենքի պահապանն ու լրատվամիջոցի ներկայացուցիչն են, որ պետք է անաչառ ու ոչ ծախու լինեն: Եթե Մայքլ Ջեքսոնը կարող է Բուշի նախընտրական արշավին ելույթներ ունենալ, այդ ինչու՞ մեր երգիչ-դերասանները չեն կարող քաղաքական «խաղերին» իրենց ծառայությունները մատուցել: Խնդիրն այն է, որ քաղաքական PR կոչվածը, որին ծառայում է այդ շոու բիզնեսը, ոչ պրոֆեսիոնալ է, իսկ հաճախ ուղղակի ձեւական բնույթ է կրում: Տեսեք, թե մեզ մոտ ինչ է կատարվում: Իշխանությունները լիովին համոզված են իրենց հաղթանակում, քանի որ ընտրությունները երբեք արդար չեն, եւ նախապես բոլորը գիտեն, որ արդյունքները «նկարված» են լինելու:

Ընդդիմությունը PR ասելով հասկանում է միայն իշխանություններին հայհոյելն ու «երկիրը փրկելու» կոչեր անելը, ինչին հասարակությունը վաղուց արդեն շատ անտարբեր է վերաբերվում: Արդյունքում ոչ ոք լուրջ PR չի անում, քանի որ չգիտեն, թե ոնց է պետք դա անել: Որոշ քաղաքական դեմքեր կարծում են, որ իրենց հեռուստաելույթի ժամանակ իր կողքին մի հայտնի դերասան կամ գրողի նստեցնելը, որն էլ իր հերթին հաճախ չի պատկերացնում այդ իրավիճակում իր «առաքելությունը», հաջողության գրավական է, ոչ էլ ուզում են լուրջ փողեր ծախսել:

Ժողովրդին այդ PR-ն ընդհանրապես պետք չի, քանի որ նա իշխանություններին չի ընդունում, բայց ընդդիմությանն էլ չի վստահում, գիտի, որ եթե գնա էլ ընտրության, միեւնույն է' իր կամքը չի արտահայտվի, քանի որ սցենարը վաղուց գրված, պատրաստ է: Այնինչ տեսեք, թե հաճախ ինչ է կատարվում այլ երկրներում: 1996-97թթ. Ռուսաստանում, նախագահական ընտրություններից առաջ, Ելցինն իր երկրորդ ժամկետին վերընտրվելուն բոլորովին պատրաստ չէր. շատ ցածր էր նրա քաղաքական վարկանիշը: Պետական օղակները չզլացան ԱՄՆ-ից հրավիրել բարձր պրոֆեսիոնալ PR-շիկներ, միլիարդներ ծախսվեցին Ելցինին «քաղաքական դիակից» ունակ, ակտիվ, ասելիք ունեցող երկրի նախագահ դարձնելու ուղղությամբ:

Այդ ժամանակ էր, որ գործածության մեջ մտավ բավական ազդեցիկ եւ հետագայում պոպուլյար դարձած «Գոլոսույ, իլի պրոիգրաեշ» կարգախոսը: Արդյունքում Ելցինը վերընտրվեց երկրորդ ժամկետով, եւ գրեթե համոզված եմ, որ իրոք վերընտրվեց, այլ ոչ թե տոկոսներ «նկարվեցին», ինչպես որ մեզ մոտ է գրեթե միշտ լինում: Մի կարեւոր բան էլ. մեզ մոտ բոլոր քաղաքական ուժերը շեշտը դնում են միայն նախընտրական շրջանի վրա. հենց մոտենում են ընտրությունները, սկսում են իրենց մասին հիշեցնել:

Սակայն PR-ը պետք է արվի մշտապես, դա քաղաքական գործչի համար իր հիմնական գործունեությանը զուգահեռ մի գործընթաց պետք է լինի, ինչպես դա անում է, օրինակ, Պուտինը: Իսկ այն, որ մեր իշխանավորներն առանձնապես ջանք չեն թափում մշտական, պրոֆեսիոնալ, նպատակային PR ապահովելու ուղղությամբ, կարծում եմ նաեւ խոսում է հանրային կարծիքը քիչ կարեւորելու մասին, ինչը մտահոգիչ երեւույթ է: Դա վկայում է, որ հասարակության դերը մեր երկրում դեռեւս որոշիչ չէ, եւ քաղաքականության մեջ այն լուրջ դերակատարում դեռեւս չի կարող ունենալ:

Հարցազրույցը' Լեւոն Գեւորգյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter