Կորած դանակի ոդիսականը
«Գերմանական արտադրութեան մի հիանալի խոհանոցային դանակ ունէի,- պատմում էր Հայաստանից վերջերս վերադարձած մտերիմ ընկերօջս կինը ընկերական մի հաւաքույթի ընթացքին:- Մեր' Երեւան հասնելուց մի քանի օր անց դանակը կորաւ: Ողջ բնակարանը տակն ու վրայ արի, չկար ու չկար: «Դէ, լաւ էլի, նորը կգնես»,-իմ որոնումներից ձանձրացած' յարեց ամուսինս: Չկարողացայ նրան հասկացնել, որ շատ էի վարժւել այդ դանակին, հեշտ սրւում էր ու պէտք էր գալիս ամեն բանում: Յետոյ յանկարծ յիշեցի, որ վերջին անգամ դանակը գործածել էի երէկ, կանաչի մանրացնելու նպատակով. «Կայ, չկայ' կանաչիի մնացորդների հետ թերթով փաթաթել, գցել եմ աղբի մէջ»,- անցաւ մտքովս ու, ամուսնուս շշմած հայեացքի տակ, վազեցի դուրս...
Չմոռանամ ասել, որ անցեալ տարի մեր բակի դալանից ոչ շատ հեռու' պողոտայի եզրին զետեղւած կանաչ գոյնի երեք աղբարկղ կար: Նախորդ օրը աղբի քսակը դուրս տանելիս ափսոսանքով էի նկատել, որ դրանք անյետացել են: Այդ վայրում բացւել էր շքեղազարդ ցուցանակով մի բազմափեղկ խանութ, որի մեծադիր գովազդային պաստառները կախւած էին պողոտայի ողջ երկարութեամբ: Ճաշակով սալիկապատւել էր մայթը, նոյնիսկ նորոգւել, ներկւել ու լուսաւորւել էր մեր նախկին քար ու քանդ դալանը: Դալար եղեւնու թփեր էին տնկել մայթի եզրին կառուցւած փոքրիկ մարգագետիններում...
Մի խոսքով, շատ էր գեղեցկացել պողոտայի այդ հատւածը: Իսկ աղբարկղների տեղում կառանւած էին տնօրինութեան թանկարժէք նորագոյն մեքենաները: Խանութի դրսում կանգնած էին երիտասարդ ու միջահասակ մի քանի տղամարդիկ, ովքեր, հաւանաբար, տնօրինութեան վարորդները կամ թիկնապահներն էին: Իմ այն հարցին, թէ ուր են տարել աղբարկղները, մէկը կոպտօրէն պատասխանեց. «Եսիմ, էստեղ աղբի տեղ չի, տար հեռու...»: Այնպէս էր խօսում, ասես ողջ տիեզերքի տէրը լինէր... Բա ախր որտե՞ղ է աղբի տեղը: Զարգացած երկրներում ամենուրեք, երբեմն նոյնիսկ ամենաշքեղ խանութների կամ շինութիւնների առջեւ էլ շարժական կափարիչով աղբարկղ դնում են: Աղբի քսակը ձեռքիս մօտեցայ մեր բակի կօշկակարին: Նա նշեց, որ խանութի տնօրինութիւնը պահանջել էր հեռացնել աղբարկղները: «Իսկ կարելի՞ է իմանալ' ու՞ր են տարել»,- վրդովւած հարցրի ես:
Պարզւեց, որ սկզբում դրանք տեղափոխել էին բակի միւս ծայրը, բայց շատ չանցած' ենթարկւել էին նոյն ճակատագրին. այստեղ էլ մի նորակառոյց շէնքի տնօրինութեան, թէ բնակիչների դրդմամբ տարել էին աչքից հեռու, բայց թէ ուր' չգիտէր:
«Կատւի ձագերի պէս էս կողմ, էն կողմ են տանում,-ծիծաղեց կօշկակարը,-եթէ ամեն օր աղբը դատարկեն, էսպէս չի լինի, բոլորն էլ կհանդուրժեն»:
«Հիմա ու՞ր թափեմ սա»,- հարցրի յուսահատ: Նա ասաց, որ հանդիպակաց մայթին, չհասած խաչմերուկին, աղբարկղներ կան: Բաւականին հեռու էր, բայց ճարս ինչ, գնացի: Այն էլ ասեմ, որ մեր զառիվայր լայն պողոտայից անցնելը կեանքի ու մահւան հարց է... Հանել են տրամւայի ռելսերը, ասֆալտապատել ու խնամքով գծագրել են թէ անցորդների, եւ թէ ինքնաշարժերի անցման համար նախատեսւած գծերը, մեր պողոտան էլ անչափ գեղեցկացել ու արդիականացել է, բայց ի՞նչ օգուտ, որոշ վարորդներ սլանում են քամու արագութեամբ' յաճախ անտեսելով գծերը, իսկ անցորդ տեսնելիս ի՞նչ պահել, մինչեւ իսկ չեն դանդաղեցնում ընթացքը... Նախկին խորդուբորդ վիճակում գոնէ խնայում էին ինքնաշարժը, դանդաղ էին քշում... Քսակը ձեռքիս' վախվխելով անցայ դիմացի մայթը ու մօտեցայ աղբարկղներին, որոնք արդէն լցւած էին կիսով չափ: Փորձեցի քսակը նետել աղբարկղի մէջ, չստացւեց' ընկաւ մայթին: Չլինէին մեղուները, կվերցնէի ու նորից կնետէի... Թողեցի, եկայ...
...Ուրեմն, դանակը գտնելու յոյսով, տնից դուրս եմ վազում, յամարձակօրէն կտրում եմ պողոտան ու ուրախութիւնից սիրտս թրթռում է. աղբը դեռ չեն տարել... Աւելի շատ աղբ է կուտակւել, բայց իմ կանաչագոյն թափանցիկ քսակն իր տեղում է... Նայում եմ ուշադրութեամբ. ահա եւ դանակը... Հնարաւոր է' նետելու պահին, թէ ճնշման պատճառով, դանակի շեղբը պատռել էր քսակն ու կիսով չափ դուրս ցցւել... Ի՞նչ անեմ, վերցնե՞մ, թէ՞ չվերցնեմ... Անցորդներ են անցնում ու զարմացած նայում են ինձ: Ի՞նչ կմտածեն, առանց այն էլ մեր սփիւռքահայ լինելը աչք է ծակում... Չէ, իմ գործը չէր, տհաճ երեւոյթ էր, մեղուների ու ճանճերի հարեւանութեամբ առնւազն երեքից չորս քսակ պիտի հեռացնէի...
«Գիշերը կգնանք ու մի բան կմտածենք,- յուսադրեց ամուսինս, երբ ձեռնունայն վերադարձայ տուն ու պատմեցի դանակը գտնելու մասին,- քիթդ մի կախիր»:
«Իսկ եթէ աղբը տանե՞ն»: «Տանում են' տանեն, չոռ ու ցաւը տանեն, պէտք է տանեն,-այս անգամ զայրացաւ նա,-կպել ես դանակին, պոկ չես գալիս, մոռացիր...»:
Երեկոյեան դուրս եկանք զբօսնելու. Երեւանում քայլելը մեր գերագոյն հաճոյքներից մէկն է: Հասնելով խաչմերուկին' այնուամենայնիւ երկուսս էլ ակամայից մի պահ նայեցինք հանդիպակաց մայթին: Աղբը դեռ այնտեղ էր: Ճիշտն ասած' ես չէի ցանկանում առաջինը խօսք բացել, վիրաւորւել էի, բայց, քաղքենիութիւն չհամարէք, ափսոսում էի դանակս, ախր նա այնտեղ էր, աղբի տակ, եւ դեռ ես կատարելապէս չէի ըմբոշխնել կորածը գտնելու ուրախութիւնը... Չգիտեմ ինչպիսին էր դէմքիս արտայայտութիւնը, որ ամուսինս տեղի տւեց, բայց զգացի, որ տատանւում է... Ամառ էր, արեւը ուշ էր մայր մտնում, փողոցն էլ' բազմամարդ. մեղքս եկաւ, թեւը քաշեցի, ասացի' արի գնանք, գլուխը քարը...
Յաջորդ օրը թեթեւ գնումներից վերադառնալիս զարմանքով նշմարեցի, որ դեռ ոչինչ չի փոխւել, ու մէկն էլ կանգնած քրքրում է աղբակոյտը... Յանկարծ մի լուսաւոր միտք ծագեց գլխումս: Արագ կտրեցի պողոտան ու մօտեցայ աղբարկղներին: Ահաւոր դրութիւն էր, տհաճ հոտ էր տարածւել... Վեհերոտ մօտեցայ' ամառւայ տաքին վերարկուանման, մեծ գրպաններով ցնցոտիներ հագած մորուքաւոր մարդուն, որ միանգամայն անտարբեր շրջապատին, զբաղւած էր խմիչքի շշեր առանձնացնելով...
«Կներէք, մի բան էի ուզում խնդրել»,- հազիւ լսեցի իմ ձայնը: Նա լուռ գլուխը բարձրացրեց ու մազակալած, անլւայ դէմքով ու ծերունական ջրակալած աչքերով զարմացած վերից վար նայեց ինձ: Այդ հայեացքը... Դա փողոցային մուրացկանի հայեացք չէր... Դա... կիրթ ու գիտակից մարդու մելամաղձոտ հայեացք էր... Մի պահ ամաչեցի, ուզեցի թողնել ու հեռանալ, բայց ինձ յետ պահեց նրա խռպոտ ձայնը. «Ի՞նչ էք ուզում, ինչո՞վ կարամ օգնել»... «Դանակը,- ակամայից դուրս թռաւ բերանիցս,- այս դանակը իմն է,- ցոյց տւեցի դեռեւս երեւացող դանակի ծայրը,- գիտէք, սխալմամբ նետել եմ աղբի մէջ, ինձ կտա՞ք»:
Նա լուռ փորձեց դանակը դուրս քաշել աղբակոյտի միջից, բայց' ապարդիւն: Սկսեց հեռացնել աղբի քսակները եւ յանկարծ կատարեց մի սուր շարժում... Դանակի ծայրը կտրել էր նրա' կեղտից սեւացած աջ ձեռքը... Քիչ էր մնում գետինը մտնէի, նախատում էի ինձ, վառւում էի ամօթից... «Ոչինչ... պէտք չէ... կարեւոր չէ...»,- կմկմացի ես:
Այդ պահին իրօք թքած ունէի թէ դանակի, եւ թէ...ինձ վրայ...Բայց նա, անտարբեր ձեռքից հոսող արիւնին, վերջապէս յաջողեց հանել դանակը, զննեց հանգամանօրէն ու, լաւ գործ արած մարդու գոհունակ արտայայտութեամբ, պարզեց ինձ. «Վերցրէք»,-քաղաքաւարի ասաց նա... Աստւա~ծ իմ, որքան էի ցանկանում մօտենալ այդ մարդուն, շոյիչ խօսքեր ասել, փաթաթել վԷրքը, որեւէ կերպ օգնել նրան, բայց ինքս էլ չհասկացայ, թէ ինչու առանց մի բառ ասելու, համարեայ վազելով, շփոթւած հեռացայ այդ վայրից... Շրջւելիս, վերջին պահին տեսայ նրա դառնացած, մտամոլոր հայեացքն ու դեռեւս դէպի ինձ երկարած ձեռքը' դանակը սեղմած արիւնլւիկ մատների մէջ...»:
Ընկերօջս կինը մի պահ կանգ առաւ եւ ապա յուզւած շարունակեց. «Այնքան էի շտապում, որ չտեսայ' նա դէն նետե՞ց, թէ՞ իր մօտ պահեց չարաբաստիկ դանակը, բայց միթէ՞ դա կարեւոր է... Հարցն այն է, որ մինչեւ օրս էլ չեմ կարողանում ինձ ներել փոքրոգի արարքիս ու խայտառակ փախուստիս համար... Կարծում եմ' եթէ վերցնէի դանակը, նա իրեն վարձատրւած կըզգար... Մարդը չարչարւել էր' ձեռքը կտրել, իսկ ես, յիմարս... Գիտէք, նրան չէի փոխի հարիւր գռեհիկ վարորդների կամ թիկնապահների հետ... Անցան օրեր, շաբաթներ, մօտենում էր Երեւանից հեռանալու անցանկալի պահը: Աղբարկղերը դատարկւեցին, լցւեցին, նորից դատարկւեցին... Սակայն գրեթէ ամեն օր դրանց մօտով անցնելիս գաղտագողի նայում էի շուրջս' նրան տեսնելու յոյսով ու անյագուրդ ցանկութեամբ: Նա չկար, նրան չտեսայ այլեւս... Ո՞վ գիտէ' ի՞նչ պատահեց մարդուն...»:
Նա լռեց:
Բոլորս էլ մի պահ լուռ էինք...
Կոլիա Տէր Յովհաննիսեան
Հոկտեմբեր, 2006, Թեհրան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել