HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պեղումներ խանդավառ անհատների միջոցներով

Դեռ 1985-86թթ.-ին Արաքսի եւ Ախուրյանի խառնարանում կատարվող պեղումների ժամանակ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը պարզել էր, որ Երվանդունի արքաների երբեմնի նստավայրի' Երվանդաշատի գտնվելու վայրի մասին կարծիքներն այնքան էլ մոտ չէին իրականությանը: Այս մասին նախ հուշել էր տարածքը' այն հարթ դաշտը, որը չէր կարող լինել Մովսես Խորենացու նկարագրած անմատչելի վայրը, որտեղ գտնվել է Երվանդաշատը:

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նշված հարթ տարածքում իրականում եղել է Երվանդունի արքաների որսատեղին' թագավորական արգելանոցը, իսկ արքայական նստավայրը տեղակայված է եղել ոչ հեռու գտնվող ժայռի վրա, որտեղ այսօր պահպանվող միջնադարյան կառույցի տակ երեւում են ավելի վաղ թվագրվող շերտեր:

2005թ.-ի ամռանը պատմական գիտությունների թեկնածու Ֆ. Տեր-Մարտիրոսովը վերադարձավ Արաքս-Ախուրյան խառնարան, քանի որ, իր խոսքերով, պարտավորված էր զգում ավարտին հասցնել սկսած գործը. աքեմենյան ավանդույթի համաձայն' երբեմնի որսատեղի-արգելանոցի մոտակայքում անպայման պետք է թագավորական պալատ լիներ, որը հնում ամբողջական համալիրի մաս էր կազմում: Տասը տարիների ընթացքում շատ բան էր փոխվել:

Պատմահայր Խորենացու նկարագրած անտառից շատ քիչ բան էր պահպանվել, մութ ու ցուրտ տարիներին այն հատվել էր, տարածքը բաժանել ու սեփականաշնորհել էին: Այդուամենայնիվ, հաջողվեց վերսկսել պեղումներն ու գտնել պալատական կառույցը: Տոթն ու լարվածությունը ճակատագրական եղան հնագետի առողջության համար` դառնալով ուղեղի կաթվածի պատճառ: Բայց, ապաքինվելուց հետո, այս տարի նա նորից վերադարձավ Երվանդունի արքաների տնկած անտառը:

Մ.թ.ա. 3-րդ դարից մեզ հասած եզակի պալատական կառույց

Այս տարի կատարված պեղումների արդյունքում փոշու դարավոր շերտերի տակից հայտնվեց փնտրվող պալատական կառույցը: Սա բացառիկ շինություն է նախ այն պատճառով, որ միակ պահպանված թագավորական պալատն է Հայաստանի տարածքում:

ՙՏիգրանակերտի ու Անիի պալատական համալիրներն այսօր Թուրքիայի տարածքում են, ու դեռ հայտնի չէ' կկարողանա՞նք մենք երբեւէ պեղել դրանք: Հնարավորության դեպքում էլ, հնարավոր է, դրանք այլեւս անվերադարձ ավերված լինեն՚,- մտահոգված է Ֆ. Տեր-Մարտիրոսովը:

Երվանդունիների կառուցած այս շինությունը մեծ նշանակություն ունի նաեւ այն իմաստով, որ մ.թ.ա. 3-րդ դարի այլ հուշարձան մենք չունենք, հետեւաբար այդ շրջանի մշակույթի մասին կարող է պատմել հենց այս եզակի շինությունը:

ՙԱխր մենք միայն սովոր ենք կրկնել, որ հազարամյա պատմություն ունենք, բայց չունենք դրա մասին վկայող հուշարձաններ: Հինը ցույց ենք տալիս միայն Գառնիի տաճարով, Անահիտի գլխաքանդակով ու Տիգրան Մեծի դրամներով: Բայց կան շատ այլ արժեքավոր նյութեր՚,- ասում է Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը:

Այս տարի բացված պալատը բավական լավ է պահպանված: Այն քառանկյուն շինություն է' մոտ 1,5մ հաստության պատերով, որոնք ամրացված են որմնասյուներով: Պատերի երկայնքով դասավորված են սենյակներ, որոնք մոտ 2,2 մ բարձրություն են ունեցել: Բացվել է պալատի խոհանոցն ու կենտրոնում տեղադրված դահլիճը: Գտնվել են փայտե գերանների ածխացած բեկորներ, որոնք ծածկի մնացորդներն են: Սրանք, ինչպես նաեւ հուշարձանի տարածքից պեղված այլ նյութերը' խեցեղեն անոթներ, զենք ու զրահի բեկորներ, առայժմ ուսումնասիրված չեն: Ֆելիքս Տեր-Մարտիրոսովն ասում է, որ ՙդրսից մասնագետներ հրավիրելու անհրաժեշտություն կա՚:

Թանգարանը' բաց երկնքի տակ, դեռ երազանք է

Հայաստանի տարբեր մարզերում այսօր իրականացվող հնագիտական պեղումների մեծ մասը պետական ֆինանսավորում չունի: Հնագետները պայմանագրեր են կնքում այլ երկրների գործընկների հետ, ովքեր գումարներ են հայթայթում եւ գալիս Հայաստան:

ՙՍակայն նրանք իրենց միջոցներն ուղղում են հիմնականում ոչ թե հայկական, այլ համաշխարհային մշակույթի համար կարեւոր հուշարձանների ուսումնասիրությանը, օրինակ' բրոնզեդարյա՚,- բացատրում է Ֆ. Տեր-Մարտիրոսովը:

Այս առումով մեր պատմության համար առանցքային նշանակության հուշարձան-վկաները մնում են անորոշ վիճակում, քանի որ պետությանն առանձնապես չեն հետաքրքրում:

Երվանդաշատի ՙգաղտնիքները՚ բացահայտելու գործում մեծ դեր է խաղում Տեր-Մարտիրոսովի խանդավառությունը: Երկու տարի շարունակ նա իր արշավախմբի հետ պեղումներ կատարում է առանց որեւէ լուրջ ֆինանսավորման: Անհրաժեշտ նվազագույն ծախսերը հոգում է իր եւ մի քանի այլ անհատների անձնական միջոցներով: Ամեն անգամ զայրանում է, երբ լսում է, թե օրինակ մի հարսանիքի համար ինչ գումարներ են ծախսվում, ու դեռ հույս է փայփայում, որ մերոնց մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են նպաստել մեր պատմության վերծանման գործին:

Դրսի կազմակերպություններին նա դեռ չի դիմել, մտավախություն կա, որ խնդիրներ կառաջանան' կապված հուշարձանի գտնվելու վայրի հետ. այն չափազանց սահմանամերձ է: Ավելին, Երվանդունի արքաների կառուցած քաղաք-բնակատեղին, որը Երվանդաշատից շատ հեռու չէ, այսօր Թուրքիայի կազմում է:

Արաքսի հովտում արդեն բացված ու դեռ ուսումնասիրության սպասող հուշարձանը երազանք-թանգարան է հնագետ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի համար: ՙՙՀայաստանը թանգարան է բաց երկնքի տակ՚. սա օդում ասված արտահայտություն է, քանի որ թանգարանում ամեն ինչ պահպանվում է, իսկ մենք, հակառակը, ամեն ինչ ավերում ենք: Ես ուզում եմ, ավելի շուտ երազում եմ, որ այս տարածքը մի օր վերջնականապես պեղվի, հնարավոր լինի վերականգնել այն, ինչ եղել է մ.թ.ա. 3-րդ դարի հայկական թագավորությունում, այստեղ տեղադրել գտնված բոլոր նյութերն ու սա դարձնել թանգարան: Այս դեպքում կլինի իսկապես թանգարան բաց երկնքի տակ՚,-ասում է հնագետ Ֆ. Տեր-Մարտիրոսովը:

Սեդա Պապոյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter